Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթևոսյանի գրական ժառանգությունը շատ հարուստ, խորը, անընդհատ ուսումնասիրության և վերարծարծման կարիք ունեցող գրականություն է

Մայիս 12,2022 18:25

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան: Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով  ներկաներին՝ ռեկտորը նշեց. «Ավանդույթի համաձայն՝ նշանավոր գրողի հոբելյանները Մայր բուհում նշվում են նրա ստեղծագործություններին նվիրված գիտական նստաշրջաններով: Ցավոք, վերջին գիտաժողովը հնարավոր չեղավ կազմակերպել համավարակի պատճառով, սակայն գոհունակությամբ պետք է նշենք, որ հիմա այդ հնարավորությունը մենք ունենք: Այս տարի նաև լրանում է Հրանտ Մաթևոսյանի վաղաժամ մահվան 20 տարին, և այս գիտական նստաշրջանը հարգանքի տուրք է մեծ արվեստագետի հիշատակին»:

«Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները մշտապես եղել են ԵՊՀ-ի ուշադրության կենտրոնում. իր կենդանության օրոք նշանավոր գրողը բազմիցս հյուրընկալվել է Մայր բուհում, հանդիպումներ ունեցել ԳԽ-ի և առանձին ֆակուլտետների հետ: Մեծ գրողի մահվանից հետո նրա լուսավոր հիշատակը հավերժացնելու և վաստակը վերստին իմաստավորելու նպատակով ֆակուլտետի՝ հայ նորագույն գրականության ամբիոնը պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ հիմք է դրել «Մաթևոսյանական ընթերցումներ» անվանումը կրող գիտաժողովների շարքին»,- հավելեց ռեկտորը:

Նիստի նախագահող, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր խոսքում նշեց. «Մաթևոսյանի գրականությունը լեցուն է հարուստ գաղափարներով, հարցադրումներով, ազգային մտածողությամբ: Ես կարծում եմ, որ մեր գիտական նստաշրջանը ևս մի կարևոր քայլ կկատարի մաթևոսյանագիտության մեջ»:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, գործիչ, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը խոսեց գիտական նստաշրջանի կարևորության մասին: Պրոֆեսորն ասաց. «Գիտաժողովի շրջանակում վառ է պահվում Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և շեշտում նրա ամենօրյա ներկայությունը մեր գրական կյանքում: Դեռևս շարունակվում են նրա արձակի, հրապարակախոսության, գեղագիտության խնդիրների նոր բացահայտումները: Յյուրաքանչյուր տարի համալսարան նոր ուսանողներ են գալիս, և բոլոր սերունդները պետք է լսեն այդ խոսքը, սնվեն այն գաղափարներով ու գեղագիտությամբ, որ թողել է Հրանտ Մաթևոսյանը:

Թեմաներն ընտրվում են հնարավորինս տարբեր ուղղություններով, որպեսզի գրողը բազմակողմանի ներկայացվի: Մաթևոսյանի ասելիքը թաքնված է իր տեքստերի խորքում, հետևաբար անհրաժեշտ է անընդհատ վեր հանել և բացահայտել այդ խորքային ենթաշերտերը»:

Գիտաժողովին ներկա էր նաև «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին:

«Մաթևոսյանի գրական ժառանգությունը շատ հարուստ, խորը, անընդհատ ուսումնասիրության և վերարծարծման կարիք ունեցող գրականություն է, որովհետև բարձրացնում է թեմաներ, մտքեր և գաղափարներ, որոնք այսօր պետության, ազգագոյության, ազգի չկործանման համար կարևորագույն եզրույթներ ու մտքեր են»,- ասաց Դ. Մաթևոսյանը:

Զեկուցող մասնակիցները տասներեքն էին, որոնց թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ, մագիստրանտներ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մատենադարանի գրականագետներ:

Գիտաժողովին ներկա էին նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր:

Նշենք, որ նախորդ երեք նստաշրջանների ընթացքում ներկայացված հոդվածները տպագրվել են առանձին ժողովածուներով: Հերթական՝ չորրորդ ժողովածուի մեջ կներկայացվեն Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության խնդիրների ուսումնասիրության մեջ Մայր բուհի ներդրած ջանքերը:

ԵՊՀ մամուլի խոսնակ, հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031