Դուշանբեում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Բացման խոսքում Բայրամովը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի մեկնարկել սահմանազատման գործընթացը:
Նրա խոսքով՝ հանդիպումը «լավ հնարավորություն է՝ քննարկելու այն առաջընթացը, որին կարող են հասնել»: Ընդ որում, նա ափսոսանք է հայտնել, որ «առայժմ չի հաջողվել առաջընթաց գրանցել տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում»:
«Գիտեմ, որ շփումները գործընկերների միջև շարունակվում են: Եվ կարծում եմ, որ կա լավ հեռանկար, լավ հնարավորություն՝ հասնելու արդյունքի և լիարժեք իրականացնելու եռակողմ հայտարարությունները: Վերջին շրջանում մենք բավականին ինտենսիվ շփումներ ենք ունեցել՝ պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի առումով: Կարծում եմ, որ կան լավ մշակումներ, ըմբռնում՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների կազմի և ներկայացվածության տեսանկյունից, եւ կարծում եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի առնվազն մեկնարկել այդ գործընթացը»,- ասել է Բայրամովը՝ հավաստիացնելով, որ իրենք պատրաստ են խաղաղության ստորագրմանը:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի կողմերի միջև բարձրանա վստահության մակարդակը, և պայմաններ ստեղծվեն հայ-ադրբեջանական լիարժեք կարգավորման համար:
Կարդացեք նաև
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի խաղաղ, կայուն զարգացման և բարգավաճման գոտու,- ասել է Լավրովը: – Ես ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ուղղությամբ, որը նախանշել էին մեր ղեկավարները»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ