Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դավաճանեք ձեր որդիներին». Լարիսա Ալավերդյանը` իշխանությունների կողքին կանգնած զոհվածների ծնողներին

Մայիս 12,2022 17:53

«Կարծում եմ, որ վերին աստիճանի ճիշտ է ձեւավորված ծնողների պահանջը: Կարծում եմ, որ չէր կարելի անպատասխան թողնել այն հայտարարությունը, որը կոչված էր ալեկոծել հասարակությունը եւ ավելի մեծ սթրեսի մեջ գցել ու ուժասպառ անել հասարակությանը»,-«Հայելի» ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, որին հետեւել էին զոհվածների ծնողների գործողությունները: Նրանք գլխավոր դատախազությունից պահանջում են հարուցել քրեական գործ Նիկոլ Փաշինյանի և մի շարք պաշտոնատար անձանց դեմ, նրանց որպես մեղավոր դատական գործընթացի մեջ ներառել` առերևույթ պետական դավաճանություն իրականացնելու համար:

«Իմ սիրտը այդ ծնողների շարժման հետ է»,-ասաց տիկին Ալավերդյանը: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազության գործողություններին՝ նա դրանք կրավորական է որակում. «Կրավորական են հնչում գլխավոր դատախազության այն հայտարարությունները, թե իբր չեն կարողանում հստակեցնել` որտեղ են հանցագործության հատկանիշները: Այս կրավորական դիրքորոշման եւ ձգձգման նպատակը մեկն է` ցույց տալ, որ անպատիժ է մնալու ցանկացած հանցագործություն, որն իրականացվել է այս իշխանությունների կողմից… Հաճախ ոչ այնքան  կարեւոր դեպքերում դատախազությունը գործեր է հարուցում, իսկ այս առումով, փաստորեն, գլխավոր դատախազությունը դառնում է ծանր հանցագործության մասնակից»:

Հարգելով բոլոր ծնողների վիշտը՝ միաժամանակ տիկին Ալավերդյանը չի կարողանում հասկանալ նրանց մի մասին, որոնք այսքանից հետո կանգնում են իշխանությունների կողքին. «Նրանք բարոյական առումով ծանր հարված են հասցնում իրենց զավակներին: Ունեմ նման վիճակում գտնվող ծնողների հետ 30 տարուց ավելի աշխատանքի փորձ: Ցանկանում եմ խնդրանքով հանդես գալ` ուղղված ցավի մեջ գտնվող ծնողներին՝ մի՛ դավաճանեք ձեր որդիներին, եղեք հավատարիմ, եթե զոհվել են` նրանց հիշատակին, եթե անհայտ կորած են` ստվեր մի գցեք սպասումների ձեր օրերի վրա սխալ դիրքորոշմամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031