Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը

Մայիս 12,2022 17:55

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ:

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավում և, երկրորդ, երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում:

2022-27 թվականների համար նախատեսված ծրագիրն իրականացնելու է «Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպությունը` երեք այլ կազմակերպությունների («Սիվիտաս» ՀԿ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»` ԿՏԱԿ) հետ՝ կոնսորցիումի միջոցով:

«Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են ծրագրի հիմնական նպատակներն ու առաջարկվող միջոցառումները: Նշվել է, որ առաջին բաղադրիչը` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավումը, համահունչ է Հայաստանում այժմ ընթացող հանրակրթության բարեփոխումներին և առնչվում է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցման բարելավմանը: Ոչ ֆորմալ կրթության միջոցով ֆորմալ քաղաքացիական կրթության բարելավմանը միտված միջոցառումները կքննարկվեն և կմշակվեն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ` առաջնահերթությունը տալով նախագծային ուսուցմանը: Առաջարկվել է նաև զարգացնել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությունը` նպաստելով ինստիտուցիոնալ կայացմանը:

«Հանրակրթության ոլորտն այժմ գտնվում է ակտիվ բարեփոխումների փուլում: Մասնավորապես այժմ ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որն այս տարի փորձարկվել է Տավուշի դպրոցներում: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կարող են նպաստել չափորոշչի տեղայնացման և ներդրման արդյունավետությանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` շեշտելով, որ չափազանց կարևոր է ծրագրի ենթաբաղադրիչների արդյունավետության և ազդեցության գնահատումը:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը` երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավումը, ուղղված է 18 տարեկանից բարձր երիտասարդների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրագործմանը: Այս բաղադրիչով նախատեսվում է երիտասարդների համար ամառային դպրոցների, ամենամյա էքսպո-մրցույթների և այլ միջոցառումների կազմակերպում:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է քննարկել նաև մարզերի խոշորացված համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, մասնավորապես երիտասարդական կենտրոնների բացման և դրանցում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման խնդիրը:

«Շատ կարևոր է, որ միջազգային գործընկերների աջակցության ծրագրերով նախատեսված միջոցառումները համահունչ լինեն պետական քաղաքականությանը և նպաստեն հատկապես մարզաբնակ երիտասարդների կարողությունների ու հնարավորությունների զարգացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլային խնդիրները և դրանցից բխող աշխատանքային, կազմակերպական հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031