Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Բեգլարյան. «Եկել ենք իմանալու, թե ԵՄ դեսպանը համաչա՞փ է համարում ցուցարարների նկատմամբ ոստիկանների բիրտ ուժի կիրառումը»

Մայիս 12,2022 17:37

Դիմադրության շարժման երիտասարդ մասնակիցներն այսօր բողոքի ցույց կազմակերպեցին Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջեւ: Նրանք պահանջում էին գնահատական տալ համազգային բողոքի մասնակիցների եւ նրանց միջոցառումները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառվող անհամաչափ ուժին:

Հանրապետական կուսակցության արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօր մենք համաժողովրդական շարժման երիտասարդ մասնակիցներով եկել ենք ԵՄ պատվիրակության ներկայացուցչության մոտ, որովհետեւ ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք, պատվիրակությունը գոհ է այս օրերին ուժի կիրառումից, արդյո՞ք, համաչափ է համարում ոստիկանների կողմից ուժի կիրառումը եւ արդյո՞ք գոհ է այն գումարների ծախսումից, որոնք տրամադրվել են Հայաստանում բազմաթիվ բարեփոխումների, ներառյալ ոստիկանության ոլորտի բարեփոխումների վրա:

Մենք բերել ենք այն լուսանկարները, որոնցում պատկերված են այն ոստիկանների դեմքերը, որոնք խաղաղ գործողության մասնակիցների նկատմամբ կիրառել են այդ ուժը՝ ծեծով ու ջարդով, բիրտ ու անհամաչափ: Ես վստահ եմ, որ տիկին դեսպանը տեսել է այդ կադրերը, բայց մենք բերել ենք այդ լուսանկարները, որպեսզի իրեն հիշեցնենք, թե ինչ է կատարվում այստեղ: Մենք չենք հասկանում լռության պատճառը: Մենք ուզում ենք նրա կարծիքն իմանալ, որովհետեւ ինքը մշտապես ասում է, որ հետեւում է իրավիճակին, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ պարբերաբար կապի մեջ է, բայց այս օրերի ընթացքում մենք որեւէ արձագանք չենք ստացել իրենից: Մենք ուզում ենք հասկանալ՝ ինքը ասելիք ունի՞ այս ամենի մասին: Առավել եւս, որ չի խորշում ամեն անգամ խոսել բարեփոխումների ընթացքից եւ գոհունակություն է հայտնում: Հիմա մենք եկել ենք հասկանալու՝ արդյո՞ք ինքը գոհ է բարեփոխումներից, որոնք ֆինանսավորվել են Եվրոպական միության պատվիրակության կողմից: Այն կառույցը, որը մշտապես խոսում է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների մասին, շատ զարմանալի է, որ հենց մարդու իրավունքները ամեն օր խախտվում են, սակայն անպատասխան են մնում»:

Հարցին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ մարդու հիմնարար բոլոր իրավունքների խախտման ժամանակ այդ կառույցներ լուռ էին, հույս ունե՞ն, որ այս անգամ որեւէ արձագանք կլինի, որ հիմա լրագրողների մասնագիտական աշխատանքն է խոչընդոտվում եւ սահմանափակվում, Լիլիթ Բեգլարյանը պատասխանեց. «Այո միջազգային հանրությունը լուռ էր: Մենք բազմիցս հայտնել ենք մեր դժգոհությունը այդ ամենի վերաբերյալ: Բայց մենք չենք հոգնելու եւ գալու ենք այնքան ժամանակ, մինչեւ իրենք խախտեն իրենց լռությունը եւ խոսեն»:

Լիլիթ Բեգլարյանը նաեւ նշեց, որ ոչ բոլոր ոստիկաններն են չարաշահում համազգեստով իրենց վերապահված իրավունքները եւ համազգային շարժման անունից հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր պատվով են կատարում իրենց աշխատանքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031