Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստ շրջանակում Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփվել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցի շուրջ: Եվ, կարծես թե, (Ռուսաստանի) փոխվարչապետ (Ալեքսեյ) Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ին պատրաստվում են հանդիպել Մոսկվայում, նաև կա պայմանավորվածություն, որ կրկին Մոսկվայում նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ