Մայիսի 12-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ «Ա1+»-ի գործով դատական նիստ: Դատական նիստին ներկա չէին պատասխանող կողմերը՝ ՀՀ Կառավարությունն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Հայցվոր կողմը՝ «Ա1+»-ը, դատարանից պահանջում է առոչինչ ճանաչել առաջին ատյանի վարչական դատարանի նախկին 6 ՝ 11.06.2003թ. թիվ 18-Ա, 18.07.2003թ. թիվ 31-Ա, 18.07.2003թ. թիվ 30-Ա, 18.07.2003թ. թիվ 29-Ա , 13.10.2003թ. թիվ 74-Ա, 13.10.2003թ. թիվ 75-Ա որոշումները, 24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղով «Հուսաբեր» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու մասին որոշումն առոչինչ ճանաչելու որոշումները։
«Ա1+»-ի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը դատարանի դահլիճում հայտարարեց. «Դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Ուզում եմ առանձնացնել այն հանգամանքը, որ մենք խտրականության վերաբերյալ փաստեր ենք ներկայացրել և ներկայացրել ենք առոչնչության ու պահանջի լրացման հիմքով: Եթե դատարանը գտնում էր, որ պահանջը չի կարող ընդունվել, քանի որ չի համապատասխանում վարչական դատավարությամբ նախատեսված պահանջի սահմաններին, դա այլ հարց է, սակայն դատարանն առոչնչության հիմքի շրջանակներում ընդհանարապես չի անդրադարձել խտրականությանը, այնինչ խտրականության հարցը մեր հայցադիմումի գլխավոր հիմքն է: Չի գնահատել այն փաստը՝ արդյոք խտրականության փաստը բավարա՞ր է վարչական ակտերն առոչինչ ճանաչելու համար, թե՝ ոչ: Գուցե դատարանը նման եզրակացության գար, բայց նա այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել»:
«Ա1+»-ի մյուս ներկայացուցիչ Արա Ղազարյանը փաստեց՝ զրկվել են հնարավորությունից ու նկատեց՝ խտրականությունը բարդ երևույթ է, սովորաբար այն դրսևորվում է քողարկված ու մանրամասնեց. «2002-2003-ին հանրային կարծիքը և բոլոր քաղաքական ուժերը՝ բացառությամբ իշխողի, ընդունել են, որ «ՄԵԼՏԵՔՍ»-ը զրկվել է լիցենզիայից և հետո լիցենզիա չի ստացել քաղաքական որոշման արդյունքում. այսինքն՝ նախագահական ապարատից ստացված ինստրուկցիաների հիման վրա: Սա հանրորեն ընդունված կարծիք է: Խտրականությունն այս հիմքով մեր հայցի առարկայի հետ համընկնում է: Դրանք խնամքով քողարկված, որոշված որոշումներ են եղել: 16 տարի առաջ դիմում էինք, որ գոնե տվեք հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որ հասկանանք՝ ինչո՞ւ եք «ՄԵԼՏԵՔՍ»-ին 2, 3 դրել, դա էլ չտվեցին: Մնաց մութ վարագույրի հետևում: Մենք զրկվել ենք այդ հնարավորությունից, բա էլ ինչպե՞ս մենք կարողանանք վիճարկել խտրականությունը: Չէ՞ որ մեզ ոչ ոք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը մեզ երբեք տեղեկանք չի տա, որ գիտեք, ես այն ժամանակ միջամտել եմ հանձնաժողովի աշխատանքին, ոչ ոք մեզ տեղեկանք չի տա: Մենք, հիմնվելով անուղղակի փաստերի, տեղեկությունների վրա, ներկայացրել ենք դատարան, դատարանը դա չի քննել, ասում է՝ քանի որ կա վարչական ակտ: Չափազանց ֆորմալ որոշում, կարևոր չէ, թե հետևում ինչ է տեղի ունեցել»:
Կարդացեք նաև
Արա Ղազարյանը պնդեց՝ գտնում են, որ դատական ակտն իրավաչափ չէ, դատարանն իրենց զրկել է իրենց փաստերն, ապացույցները ուսումնասիրելու հնարավորությունից ՝ անկախ արդյունքից:
Այսպիսով, «Ա1+»-ի գործով դատաքննությունն ավարտվեց: Նախագահող դատավոր Դանիել Դանիելյանը տեղեկացրեց՝ դատական ակտը կհրապարակվի հունիս 1-ին՝ ժամը 16.12 –ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ