Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը որեւէ հետազոտություն չի անում՝ պարզելու բույսերի վնասատուների պատճառով երկրի տնտեսությանը քանի միլիարդի վնաս է պատճառվում

Մայիս 12,2022 16:51

Յուրաքանչյուր տարածքում, որտեղ աճեցվում են բույսեր, հատկապես գյուղատնտեսական, պետք է այնպիսի միջոցառումներ արվեն, որպեսզի հնարավորինս որակյալ բերք ստացվի: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը:

Մայիսի 12-ը Հայաստանում ամրագրվել է որպես «Բույսերի առողջության պաշտպանության օր»: Պարոն Նիկոյանի խոսքով, պարենային անվտանգության ապահովման գործում շատ կարեւոր դեր ունի բուսասանիտարիան: Ըստ նրա, բույսերն ունեն իրենց բնորոշ հիվանդություններն ու վնասատուները, եւ դրանք տարե տարի զարգանում են, որից անմասն չի մնում նաեւ Հայաստանը: Նոր առեւտրային գործընկերությունն էլ այդ ոլորտում իր հետ մեր երկիր է բերում նոր հիվանդություններ ու վնասատուներ:

Արթուր Նիկոյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բույսերի վնասակար օրգանիզմների վարակվածության աշխարհագրությունը տարեցտարի մեծանում է: Ասում է՝ ամեն տարի բուսասանիտարական մշտադիտարկում են իրականացնում, որպեսզի ճիշտ ժամանակին հայտնաբերեն վարակված տարածքները եւ լուծումներ գտնեն դրանց դեմ պայքարելու:

Տեսչական մարմնի մասնագետը գտնում է, որ այդ վնասատուների դեմ շատ կարեւոր է օգտագործել որակյալ դեղամիջոց, թունաքիմիկատներ: Նա վստահեցրեց, որ մեր հանրապետությունում իրացվում են միայն որակյալ եւ գրանցված թունաքիմիկատներ եւ ագրոքիմիկատներ:
«Դրանք որոշակի ռիսկեր են առաջացնում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար: Դրանց մի մասը, մասնավորապես՝  թունաքիմիկատները մնում են պտղի կամ բանջարեղենի մեջ: Ամբողջ աշխարհում տենդենց կա անցնելու կենսաբանական պայքարի միջոցներին, սակայն դեռեւս աշխարհին չի հաջողվել ամբողջությամբ անցնելու պայքարի այդ միջոցներին, քանի որ դրանց արժեքը շատ բարձր է, եւ հիմնականում օգտագործվում է օրգանական գյուղատնտեսության մեջ»,-ասաց Արթուր Նիկոյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում չի իրականացվում հետազոտություն՝ պարզելու վնասակար օրգանիզմների պատճառով բույսերի տարեկան տնտեսական վնասը որքան է: Այլ երկրների հետազոտության արդյունքները ներկայացնելով ասաց, որ դրանք միլիարդավոր դոլարների են հասնում. «Հնդկաստանում բույսերի վնասակար օրգանիզմներից տարեկան տնտեսական վնասը կազմում է 90 միլիարդ դոլար, ԱՄՆ-ում՝ 67 միլիարդ դոլար, Բրազիլիայում՝ 42 միլիարդ դոլար, Ավստրալիայում՝ 6,5 միլիարդ դոլար»: Ըստ նրա, ճիշտ կլիներ, որ ՀՀ-ում էլ այդ հետազոտությունն արվեր, որպեսզի հասկանայինք՝ Հայաստանը տնտեսական որքա՞ն վնասներ է կրում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանի խոսքով, գյուղատնտեսությանը հիմնական վնաս հասցնողները մկնանման կրծողներն ու մորեխներն են, որոնք ունեն ագրեսիվ զարգացման միտումներ: Ըստ նրա, կառավարության միջոցներով, ծրագրի շրջանակներում ձեռք են բերվում բույսերի պաշտպանության միջոցներ՝ թունաքիմիկատներ, որոնք բաշխվում են մարզպետարաններին եւ գյուղացիական տնտեսությունների միջոցով իրականացվում են պայքարի միջոցառումներ:

Արթուր Պետրոսյանի տվյալներով, 2020-22 թվականներին պայքարի միջոցառումներ իրականացվել են 50 հազար հեկտարի  վրա: Այս տարի, գումարների սղության պատճառով այդ միջոցառումները կիրականացվեն շուրջ 40 հազար հեկտարի վրա:

Մասնագետները հաշվարկել են՝ եթե այդ միջոցառումները չիրականացվեն, մոտ 60 տոկոսով բերքին վնաս կհասցվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031