Yerkir.am-ը գրել էր, որ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը ֆեյսբուքյան էջում հայհոյանք եւ կեղծիք է տարածում՝ անարգելով մանկավարժների ինստիտուտը։ Նաեւ նշել էր, որ Ռուզաննա Երեմյանը տարածել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր՝ պատշգամբից քաղաքացիների վրա թքելու եւ միջնամատ ցույց տալու տեսանյութը ՝ այդպիսով ցույց տալով, որ կողմ է քաղաքացիների վրա թքելուն եւ հայհոյելուն:
Ըստ կայքի տեղեկությունների՝ մոտավորապես 7 օր առաջ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հատուկ ժողով է հրավիրել, որի ընթացքում ահաբեկել է նախարարության աշխատակիցներն՝ պահանջելով չմասնակցել ընդդիմության ցուցերին, «չլայքել» անգամ գրառումները։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը, առանց «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանին կոնկրետ անդրադառնալու, հետեւյալը փոխանցեց. «Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հատուկ ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին հանձնարարել չխառնվել քաղաքական գործընթացներին: Դա ապատեղեկատվություն է: Դրա փոխարեն ԿԳՄՍ նախարարության ընդհանուր ժողովների եւ քննարկումների ընթացքում մշտապես շեշտվում է այն գաղափարը, որ ԿԳՄՍՆ աշխատակազմը եւ նախարարության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցները պետք է իրենց գործառույթներն իրականացնեն պատշաճ մակարդակով եւ լիարժեք, ամբողջական ծավալով»:
Փորձեցինք Ռուզաննա Երեմյանի հետ եւս կապվել: Կրթահամալիրից ասացին, որ նա տեղում չէ, եւ այսօր չի լինի: Ի դեպ, տիկին Երեմյանը, որ իշխող ուժի անդամների վերաբերյալ նյութեր է կիսում ու ծաղրալից գրառումներ անում այլոց հասցեին, ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքից հետո իր անձնական տիրույթում կարող է հրապարակել` ինչ ցանկանա եւ երբ ցանկանա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Ռուզաննա Երեմյանի ֆեյսբուքի էջից: