Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

«Քննիչին ասացի՝ կալանավորեք Փաշինյանին, քանի որ չենք ուզում ձեռքներս արյունոտվի». զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ հարցաքննության մասին

Մայիս 12,2022 14:38

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողների: Քննիչի հետ հանդիպումից հետո փաստաբան, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ  զրույցում հայտնեց, որ Փաշինյանին հարցաքննելու են:

Զոհված զինծառայողների ծնողները մոտ 1 ամիս առաջ գլխավոր դատախազությանն էին դիմել՝ հաղորդում ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի դեմ: Այդ գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, ու դիմումը կցվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործին: Ծնողները տուժող չէին ճանաչվել: Գլխավոր դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից գործն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե:

Այսօր ՔԿ-ում հարցաքննությունից հետո Արցախում զոհված Էդգար Զաքարյանի հայրը՝ Սեւակ Զաքարյանը, ասաց, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ինքնախոստովանություն էր, որ կարող էին նույն վիճակն ունենալ՝ առանց զոհերի. «Ես ճանաչվել եմ տուժողի իրավահաջորդ ու մասնակցել եմ հարցաքննության: Որպես մեղադրյալ՝ պիտի Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի, հետո ենթարկվի պատասխանատվության»:

Էդգար Զաքարյանը օգոստոսին է զորակոչվել, սեպտեմբերի 15-ին տեղափոխվել է Հադրութ, նա 12 օրվա ծառայող է եղել, ոչ զենքի է տիրապետել, ոչ էլ այլ հմտությություններ ունեցել, ու տարել են առաջնագիծ. «Ես ունեմ տեսանյութ, որտեղ Էդգարը շեշտում է, պատերազմի 8-րդ օրն է, տղես ասում է՝ մեր դիմացը թուրքն է ու մեր վեջը չի: Երեխեքը կռվել են, մեջները հայրենասիրական ոգի է եղել, իրենք արդար են եղել, չեն մտածել, որ թիկունքից կա դավաճանների մի հսկայական բանակ, որ դավաճանել են 18-20 տարեկան այդ երեխեքին: Դրա պատասխանը պիտի տան բոլորը, Փաշինյանը՝ պարտադիր, Դավիթ Տոնոյանը, որ հայտարարում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, այդ ինչի՞ վրա էր այդ հայտարարությունն անում: ԳՇ գեներալները բացարձակ անգործության են մատնվել, երեխեքին դավաճանել են թիկունքից, ոչ մի կազմակերպվածություն չի եղել»:

Արցախում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Պահանջեցինք անմիջապես Նիկոլ Փաշինյանին կանչեն հարցաքննության ու ձերբակալեն դավաճանին, քանի որ իմ տղային ու մնացած տղաներին ինքն է սպանել: Ապրիլի 13-ին ասաց՝ կարող էինք ունենալ նույն արդյունքը, բայց չունենալ այս զոհերը, բայց դե տարբերակ չկար, պետք է սպանեի այս տղաներին, նոր հանձնեի, որովհետեւ երեւի Ալիեւի, Էրդողանի հետ պայմանավորվել , փող էր վերցրել, ինչ էր արել, ազգին վրեժխնդիր էր եղել դավաճանը: Քննիչին ասեցի՝ կուզեմ ձեռքդ սեղմեմ, ճիշտ քննություն տարեք, կալանավորեք, քանի որ չենք ուզում ձեռքներս արյունոտվի, հերոսածին ծնողները չեն ուզում ձեռքներն արյունոտեն, արեք արդար քննություն, որ պատժվի դավաճանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031