Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատախազը ցուցում է տվել հարցաքննել Նիկոլ Փաշինյանին. 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների միջնորդությունը բավարարվել է

Մայիս 12,2022 14:14

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողների: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար:

Քննիչի հետ հանդիպումից հետո փաստաբան, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ Փաշինյանին հարցաքննելու են. «Մենք օրեր առաջ ներկայացրել էինք միջնորդություններ, հիմա զինվորական քննչական գլխավոր վարչությունում բոլոր ծնողները ճանաչվում են որպես տուժողի իրավահաջորդ, հարցաքննվում են: Տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշմամբ խիստ ընդհանրական իրավական գնահատական է տրված արարքներին, ու, մասնավորապես, հանցագործություններ կատարող ենթադրյալ անձանց անունները հստակ նշված չեն, նշված է, որ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա: Բոլոր ծնողները անխտիր առարկում են այդ նկարագրական մասի դեմ ու բոլոր ծնողները, որոշման դեմ առարկելով, նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի որ իրենց որդիների զոհվելու մեջ միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որի մասին հետեւությունների հանգում են ապրիլի 13-ի նրա հայտարարությունից հետո»: Հիշեցնենք, որ Փաշինյանն այդ օրը ԱԺ-ում հայտարարեց, որ կարող էինք նույն վիճակն ունենալ՝ առանց զոհերի:

Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Միջորդություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, քանի որ կան պարզաբանման ենթակա հանգամանքներ, որոնք վերաբերում էին հետպատերազմական ժամանակաշրջանում Փաշինյանի հայտարարություններին, օրինակ, Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը՝ 12 կմ հատվածը, ու այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ: Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը»:

Այսինքն, հարցաքննությունը պլանավորվում է, իսկ թե երբ կհարցաքննվի վարչապետը, քննիչն ինքն է որոշում քննչական գործողությունների կատարման հաջորդականությունը: Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի Փաշինյանը հարցաքննվի հենց ՔԿ շենքում, որովհետեւ նա ՀՀ քաղաքացիներից որեւէ առավելություն չունի:

Նշենք, որ այս պահին տուժողի իրավահաջորդ ճանաչվել է 27 անձ դատախազի կողմից, եւս 15-ի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031