Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդական Ավրորայի» հաջորդ շրջափուլը սկսված է

Մայիս 12,2022 11:36

Ամենամյա այս մրցույթն իրականացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) հետ համագործակցությամբ եւ Կրթություն բոլորի համար (Teach For All) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի մասնակցությամբ

Մայիսի 12, 2022 թ., Երեւան, Հայաստան. «Ավրորան» ուրախ է հայտարարել, որ «Երիտասարդական Ավրորայի» հաջորդ շրջափուլը սկսված է: Ամենամյա այս մրցույթը հնարավորություն է ընձեռում UWC-ի (Միացյալ աշխարհի քոլեջների) եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի ուսանողական թիմերին ներկայացնելու նախագծեր, որոնք կօգնեն հաղթահարել իրենց համայնքների մարդասիրական հրատապ խնդիրները: «Երիտասարդական Ավրորա» նախագիծն իրականացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) հետ համագործակցությամբ եւ Կրթություն բոլորի համար (Teach For All) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի մասնակցությամբ։

Բոլոր հայտերը գնահատվում են ըստ ստեղծարարության, առաջարկված կայուն լուծումների, հետազոտության որակի եւ հնարավոր ազդեցության: Այնուհետեւ եզրափակիչ անցած երեք թիմերն իրենց գաղափարներն ու ծրագրերն են ներկայացնում ժյուրիին, որի կազմում են նշանավոր մարդասերներ, ձեռներեցներ եւ համաշխարհային առաջնորդներ: Թիմերը մրցում են 4.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի համար, որը հնարավոր կդարձնի նախագծի հետագա զարգացումը: Բոլոր մասնակից թիմերը ստանում են նաեւ մանրամասն կարծիք-վերլուծություն եւ աջակցություն՝ իրենց նախագծի կատարելագործման եւ հետագա զարգացման համար:

2017 թվականից ի վեր՝ «Երիտասարդական Ավրորան» ուսանողական շատ նախագծերի է աջակցել՝ ստեղծելու երկարաժամկետ ազդեցություն իրենց համայնքներում: Անցած տարվա հաղթող Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջի ուսանողներն իրենց «Հույսի սերմեր» նախագիծն իրականացնում են Էսվատինիում: Դրա նպատակն է աջակցել Մալինձա փախստականների ճամբարի երիտասարդներին՝ նրանց համար ստեղծելով երիտասարդական կենտրոն, որը միաժամանակ կծառայի նաեւ որպես առցանց կրթական կենտրոն եւ սոցիալական տարածք: Չնայած Էսվատինիում ընթացող քաղաքական անկարգություններին՝ «Հույսի սերմեր» թիմը մեծ տպավորություն գործեց ժյուրիի վրա՝ փախստականների կյանքը բարեփոխելու իր անսասան նվիրվածությամբ.

«Մենք անչափ շնորհակալ ենք «Երիտասարդական Ավրորային», որ հնարավորություն տվեց մեզ ներգրավվելու եւ ունենալու համայնքը դրականորեն փոխակերպելու փորձառություն: Առանց այս մրցանակի հարյուրավոր երիտասարդ փախստականների կյանքը փոխելու՝ մեր խանդավառությունն ու հանձնառությունը կմնային պարզապես երազանք ու չէին դառնա իրականություն»,- ասաց «Հույսի սերմեր» թիմի անդամ Փրինս Բաշանգեզին (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, WK UWCSA-ի ուսանող՝ 2020-2022 թթ.):

Նախորդ տարի՝ 2020 թվականին հաղթած «Փեթակ-բաժանարար» թիմը ներկայացնում էին UWC Արեւելյան Աֆրիկայի ուսանողները, որոնք պաշտպանիչ պատնեշ կառուցեցին, որպեսզի ապահովեին խաղաղ գոյակցությունը փղերի եւ Տանզանիայի Սանյա Հոյի գյուղի բնակիչների միջեւ: Եղել են նաեւ երկրորդ տեղ զբաղեցրած կարեւոր առաջարկ-հայտեր եւ թիմեր, ինչպես օրինակ՝ Amaavasya-ը (2018 թ.), որը շարունակում է հնարավորություն տալ Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի կանանց՝ մասնակցելու մենստրուացիայի մասին քննարկումների, ինչը տաբու է իրենց համայնքներում:

Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված տարբեր սահմանափակումները դեռեւս իրենց ազդեցությունն ունեն կրթական որոշ ավանների վրա, այս տարվա ծրագիրը կմնա առցանց՝ խրախուսելու առավելագույն մասնակցություն:

Լուսանկարում՝ «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած թիմերը եւ ժյուրիի անդամները: Երեւան, 2018 թ.

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031