«Ես անկեղծ կուզեմ՝ վերանանք անձերից: Փողոցի եւ հարթակի խնդիրը անձերը չեն: Ես ավելի մեծ մտավախություն ունեմ, որ մենք ճիշտ չենք գնահատում իրականությունը եւ օբյեկտիվորեն չենք հասկանում, թե ինչքան բարդ իրավիճակում ենք մենք գտնվում»,-«Հայկական օրակարգ. Իրավիճակ եւ հանգուցալուծում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը: Նա նկատի ունի լայն հանրությանը, վերնախավերին եւ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են, թե ինչ է կատարվում:
Խոսելով ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին՝ Վահե Հովհաննիսյանն ասաց. «Ինչ ունենք ներքին հարաբերություններում: Ունենք բավական տհաճ ստատուս քվո, որի էությունը հետեւյալն է: Իշխանությունը ակնհայտորեն սպասում է, որ այս շարժումը կմարի, ինչը, ըստ իս բավական կոպիտ մոլորություն է, որովհետեւ սա չի մարելու: Ամեն ինչ կարող է լինել՝ բանաձեւերի տրանսֆորմացիա, հարթակի տրանսֆորմացիա, բայց շարժումը չի մարելու: Ասեմ ինչի: Իշխանությունը մտածում է, որ սա կմարի, որովհետեւ գալիս է նախորդ 30 տարվա նախադեպերից: Պարբերաբար լինում էին շարժումներ, որոնք ինչ-որ պահի մարում էին: Ինչո՞վ է սա տարբերվում նախորդներից: Ձեւավորվել է մոտիվացված հանրություն, որի առանցքը ազգային իդեաներն են: Որեւէ երկրում որեւէ ժամանակ ազգային իդեաները չեն մարում: Ինքը մի օր պետք է լուծվի: Հարթակը շատ ճիշտ, ոսկերչական ճշգրտությամբ գտել է բանաձեւը. վաղը յուրաքանչյուրդ եւս մեկ հոգու բերեք հանրահավաքի, թիվը կշատանա ու մենք կդառնանք ավելի ազդեցիկ: Հարթակը դնում է ճիշտ գերխնդիր: Բայց չի երեւում այդ գերխնդրի լուծման բանաձեւը: Դա կոչով չի լինում: Այստեղ կա ֆունդամենտալ խնդիր, որը պետք է հասկանալ:
Մյուս խնդիրը: Մենք կենտրոնացել ենք երեւանյան փողոցների, հայաստանյան հրապարակների վրա՝ մոռանալով, որ ոչ ոք չի չեղարկել ադրբեջանա-թուրքական գործոնը, սպառնալիքը: Եվ մի պահ պետք է իրողությանը նայել նրանց աչքերով: Նրանք իրենց առջեւ դրված նպատակներին ուժի սպառնալիքներով ամեն կերպ ձգտելու են հասնել: Օր առաջ խնդիր կա պետության, բնակչության դիմադրողականության կտրուկ բարձրացման: Պատահական չեն Բաքվից հնչող ձեւակերպումները հայկական յոթ գյուղերի, անկլավների եւ մյուսի մասին: Ես չեմ ուզում լինել հոռետես, բայց ամեն րոպե կարող է լարվածություն լինել եւ մենք պետք է հասկանանք, թե այդ դեպքում ինչ ենք անում:
Ես նկատում եմ, որ Հայաստանում մեծանում է չարությունը: Եվ այստեղ էլ պետք է պարզ խոսենք: Դա անթույլատրելի է: Քաղաքական լարվածությունը այլ բան է: Իշխանությունները կարող են գալ եւ գնալ: Մեր մոտ գնում է չարության կտրուկ մեծացում: Եվ այստեղ էլի պետք է պարզ խոսել: Իշխանության ներկայացուցիչները ասում են, թե ընդդիմությունը տանում է չարության: Բայց չարության ակտերը իրենք պետք է նայեն իրենց մեջ: Որովհետեւ չորս տարի իրենց լիդերը ասում եւ անում է բոլոր անթույլատրելի բաները՝ ձեւակերպումներ, քայլեր: Չար լինելը կուտակվել է: Չորս տարի ինչ ուզել՝ արել են: Եվ իշխանական խմբակցությունը ծափահարում էր դրան: Ի դեպ, չարության վերջին ակորդը եղել է վարչապետի հայտնի ելույթի շատ վտանգավոր ձեւակերպումները, որին մեծամասնությունը ծափահարում էր: Եթե դու ծափահարում ես կեղծիք ստեղծողին, ապա հանրության մի զգալի շերտի դա բերում է չարության, ընդհանրապես չարության, որը շատ վատ տեղ է տանելու: Եվ ես իսկապես ուզում եմ, որ իշխանության թեւը հանձին իր լիդերի, հասկանա, որ այս չարությունը իրենց գործունեության արդյունքն է»,- ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ