Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանությունը, ըստ էության, հայտարարում է՝ «դուք թալանչի եք». «168 ժամ»

Մայիս 12,2022 10:41

Հայաստանում այսօր ընթացող քաղաքական դիսկուրսն իրականում ազգային խայտառակության վկայություն է։ Երկրում շարունակում է իշխանություն պահպանել այն ուժը, որի պաշտոնավարման շրջանում հանձնվել է պատմական հայրենիքի՝ Արցախի զգալի մասը, հասարակությունը տվել է շուրջ 5000 զոհ, այսօր ակտիվորեն քննարկվում է Հայաստանի տարբեր տարածքներ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը։ Ահա այս իշխանության դեմ պայքարի են դուրս եկել տարբեր քաղաքական ուժեր, որոնք և որոնց ներկայացուցիչներից ոմանք անբասիր չեն, ունեն ոչ մաքուր անցյալ, կապված են եղել արատավոր երևույթների հետ, և այդպես շարունակ։

Բայց բոլոր վերը նշված մեղադրանքներին ի պատասխան՝ իշխանությունը ըստ էության հայտարարում է՝ «դուք թալանչի եք»։ Այսինքն՝ իշխանությունը գրեթե չի հերքում, որ իր պատճառով հանձնվել է Արցախի մեծ մասը, Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարում է, որ կարող էր որոշում կայացնել, որի արդյունքում հազարավոր զոհեր չէին լինի, բայց բոլոր այդ մեղադրանքներին հակադարձում է մեղադրողների՝ թալանչիության մասին թեզով։

Ավելի գռեհիկ ձևակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է՝ «լավ եմ արել, փոխարենը՝ դուք թալանչի եք»։ Ուշադրություն դարձրեք՝ նույն այս թեզով են իշխանությունները բողոքի ակցիաների ուղարկում իրենց սադրիչներին, որոնք կամ հակաարցախյան ցնդաբանություններ են արտաբերում, կամ գոռում են թալանի մասին։

Հայաստանից անտեղյակ մեկը՝ հետևելով այստեղ կատարվող իրադարձություններին, տպավորություն է ստանում, որ հայ հասարակության համար նյութականը, փողը՝ թալանված կամ ոչ, շատ ավելի կարևոր է, քան հայրենիքը, հանուն այդ հայրենիքի նահատակված հազարավոր երիտասարդների կյանքը և հիշատակը։ Ահա այդ նույն դիտորդի, ավելի լայն իմաստով, աշխարհի, միջազգային հանրության շրջանում ձևավորվում է կարծրատիպ, որ Հայաստանի հասարակությունն ապրում և առաջնորդվում է միայն նյութական արժեքներով, փողով, ինչը նշանակում է, որ գործնականում Հայաստանում կարելի է գնել ամեն ինչ։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031