Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ու քննիչը Առուշ Առուշանյանի գործով ապացույցնե՞ր են կեղծել

Մայիս 12,2022 10:23

Գորիսի Քարահունջ բնակավայրի բնակիչ Ալինա Օհանջանյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի (լուսանկարում) եւ մյուսների գործով նիստին հայտարարել է, որ 2021 թվականի հունիսի 15-ին, ոստիկանության ծառայողները իրեն հարկադրել են հաղորդում եւ բացատրություն տալ Առուշանյանի դեմ։ Բացի սա, Օհանջանյանը հայտնել է, որ քննիչը ցուցմունքում արձանագրել է սուտ տեղեկություններ, թե իբր Գորիս համայնքի ղեկավարը իրեն ընտրակաշառք է տվել, իսկ ինքը առանց կարդալու ստորագրել է իրականությանը չհամապատասխանող նշված ցուցմունքը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում փաստի առնչությամբ կատարվում է նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի (դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից բռնություն կամ սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով` դատավարությանը մասնակցող անձանց ցուցմունք կամ բացատրություն կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաեւ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) եւ 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով) հատկանիշներով:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Ալինա Օհանջանյանը դատական նիստում՝ պատասխանելով առաջադրված հարցերին նշել է, որ իրենք սոցիալապես անապահով ընտանիք են եւ օգտվում են նպաստառուներին տրվող աջակցության բոլոր ծրագրերից։ Նույնիսկ 5 տարի առաջ վիրահատվել է, այդ ժամանակ էլ է դիմել Առուշ Առուշանյանին ու էլի գումարի տեսքով օգնություն է ստացել:

Ըստ ցուցմունքի, Ազգային ժողովի ընտրության քարոզարշավի հավաքներին մասնակցել է իր ձեւակերպմամբ «հարգելի վարչապետ` Փաշինյանի հանրահավաքին»: «Իսկ ընտրությունների վերաբերյալ իրեն ոչ մեկ ուղղություն չի տվել, թե ում ընտրի: Չնայած այն հանգամանքին, որ ինքը գնացել է Փաշինյանի հանրահավաքին` իրեն ոչ մեկ նեղություն չի տվել»,-նշված է ցուցմունքում։

Ինչ վերաբերում է նախաքննական մարմնին տված ցուցմունքին, ապա, ըստ Ալինա Օհանջանյանի՝ «այնքան վատ ու վախեցած վիճակում էի, որ չեմ էլ հիշում, թե ինչ եմ գրել»: Վկայի պատմածով՝ իրեն ասել էին՝  «եթե ստես, ուրեմն ձեր երեխաները որբ են մեծանալու», ինքն էլ վախենում ու շտապում էր, քանի որ երեխաները տանն էին, «անընդհատ զանգում էին՝ լացում, որ ի՞նչ է պատահել, չես գալիս»: Արդյունքում Ալինա Օհանջանյանը «խառնվել էր» ու «չէր հասկանում ինչ է անում»:

Հանցագործության վերաբերյալ հաղորդումը հրապարակելուց հետո հնչած հարցին, թե այն իր ձեռագրով է գրված, ինչպե՞ս է ասում, որ իրենք էին գրում, դա ինչպես կբացատրի, վկան պատասխանել է, որ իրեն ճնշել են՝ նույն հարցը այնքան են տվել, որ ցանկալի պատասխան ստանան, իրեն 8 ժամ պահել են այնտեղ, իսկ ինքը «չի էլ հասկացել, թե ինչ է անում»: Օհանջանյանի ցուցմունքը տպագրողը, իր վրա ճնշում չի գործադրել, միայն զգուշացրել է, «որ ամեն ինչ ճիշտն ասի»: Այնուհետեւ Օհանջանյանը չի կարդացել, թե ինչ է գրված թղթի մեջ, ուղղակի գրել է «կարդացի» ու ստորագրել է։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի այս տարվա մարտի 28-ի դատավճռով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով ճանաչվել է անմեղ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031