Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բալայան. Փաշինյանի էդ հայտարարությունից հետո եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի. «Հրապարակ»

Մայիս 12,2022 10:07
Kim Balayan

Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցը կազմակերպել ու նրան դիմավորել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է։ Կիմ Բալայանը, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 24-ին հացադուլ էր հայտարարել կառավարության շենքի դիմաց եւ պահանջում էր քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար։

Կիմ Բալայանի մյուս որդին՝ Գաբրիել Բալայանը, Փաշինյանի կողմից նշանակված պաշտպանության փոխնախարարն էր, սակայն երբ հայրը հացադուլ սկսեց կառավարության շենքի մոտ, դիմում գրեց-ազատվեց պաշտոնից։ Մյուս որդին՝ Դավիթ Բալայանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եւ ամենաանկախ դատավորներից է՝ իշխանությունների համար անցանկալի։

Երեկ Կիմ Բալայանից հետաքրքրվեցինք, թե որպես հայր՝ ինչպես է վերաբերվում նրան, որ իր որդին է Նիդերլանդներում ուղեկցում Նիկոլ Փաշինյանին, իսկ ինքը նրա հրաժարականն էր պահանջում։

«Էլի եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, բայց Ձեր հարցը պիտի ուղղեք Տիգրան Բալայանին, ոչ թե Կիմ Բալայանին։ Հիմա ես իր համար պատասխանատվությո՞ւն կրեմ, ասեմ՝ ինքը դրակա՞ն, թե բացասական գործունեություն է ծավալում»,- ասաց նա։

Այո, Ձեր դատավոր որդին իր տեղում իր գործը ճիշտ է կատարում, դա արդեն մեծ բան է, բայց քաղաքական առումով Դուք ավելի արմատական դիրքերից եք հանդես գալիս՝ քննադատելով այս իշխանություններին։

– Գիտե՞ք ինչ, ես շատ ուրախ կլինեի, որ էն պահին, երբ որ վարչապետը հայտարարեց, որ իբրեւ թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը․․․ նախ՝ միջազգային հանրությունը նման պահանջ երբեք չի դրել, այդպիսի պահանջ դրել է միայն Թուրքիան, ուրիշ ոչ մեկը նման պահանջ չի դրել։ Թուրքիան էլ պատերազմից հետո է նման պահանջ դրել։ Իսկ մինչեւ էդ ասում էր՝ 5 շրջանը հանձնեք կամ 2 շրջանը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք ու կսկսենք ուղիներ փնտրել դեպի երկարատեւ խաղաղություն։ Ես՝ ինքս, գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի էդ հայտարարությունից հետո եթե իմ տղան հրաժարական տար, ես ինձ ավելի բավարարված կզգայի։ Բայց, ի վերջո, չմոռանանք, որ իր դիսերտացիոն թեզը Լեռնային Ղարաբաղի անկախությանն է վերաբերում։ Եվ, էդ առումով, գուցե ինքն ավելի խորն է պատկերացնում պրոբլեմը։ Ես Փաշինյանի էդ հայտարարությունից հետո չեմ հանդիպել տղայիս, չեմ խոսել հետը։

Եղե՞լ է, որ Դուք խորհուրդ տաք Ձեր որդիներին՝ հրաժարվել պաշտոնից, չաշխատել այս իշխանությունների հետ։

– Պատերազմի հաջորդ օրն եմ ես իմ փոխնախարար տղային ասել, որ դուրս գա, որովհետեւ դա խայտառակություն էր, ինքն էլ ասաց, որ առանց դա էլ որոշել էր դիմում գրել, դիմում գրեց, բայց չստորագրեց Նիկոլ Փաշինյանը, հարգեց միայն այն ժամանակ, երբ որ ես հացադուլի նստեցի։

Իսկ դեսպանի՞ մասով։

– Դեսպանի մասով ես երբեք նման բան չէի ասի, որովհետեւ ես գիտեմ իր գործունեությունը։ Էսօր էլ եմ գտնում, որ ինքը՝ որպես դեսպան, օգտակար գործ է անում։ Այլ բան է՝ քաղաքական առումով ոչ միայն ինքը, այլեւ շատերը պիտի դրանից հետո հրաժարական տային։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031