Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը որքան շատ է մեղավոր, այնքան բարձր է գոռում, որ ինքն անմեղ է․ «Փաստ»

Մայիս 12,2022 08:00

Տասն օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու ուղերձ է հղել՝ «Քաղաքացու օրվա» և Մայիսի 9-ի առթիվ: Երկուսում էլ տեղ է գտել միևնույն մերկապարանոց ձևակերպումը: Ընդ որում՝ բառացի միևնույն: Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Ասում է. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»: Իսկ ի՞նչ է նշանակում սա: Հոգեբանները նման բացականչությունները համեմատում են գինովցած մարդու վիճակի ու արձագանքի հետ: Որքան մարդը շատ է գինովցած, այնքան շատ է փորձում ցույց տալ, որ սթափ է: Իսկ երբ նրան ասում ես, որ ինքը հարբած է, անպայման հակադրվում է՝ թե «չեմ խմել», կամ՝ «ընդամենը 2 բաժակ եմ խմել»:

Սա պարզ ինքնապաշտպանության բանաձևն է. մարդը որքան շատ է մեղավոր, այնքան բարձր է գոռում, որ ինքն անմեղ է: Մենք այստեղ չենք դիտարկում բարոյական կողմը, քանզի «խմածությունը», այսինքն, այս պարագայում՝ սեփական մեղավորությունն ընդունելու համար անհրաժեշտ է լինել կայացած անձնավորություն, ունենալ քաջություն ու, ամենակարևորը, բարոյական բարձր չափանիշներ: Սա այդ դեպքը չէ, ուստի բավարարվենք սոսկ հոգեբանական ասպեկտով:

Նշյալ հայտարարությունը, հասկանալի է, պարզապես հայտարարություն է, դրա տակ դրված չէ ո՛չ փաստ, ո՛չ հիմնավորում: Փոխարենն առաջ է գալիս հանրության գիտակցականության վրա ազդելու գործիքակազմը, որը դարձյալ հոգեբանական հենք ունի: Կոլեկտիվ ընկալման վրա ազդելու առաջնային գործիքը, որ կիրառել ու կիրառում է Փաշինյանը, պարզ մանիպուլյացիան է՝ բնականաբար, հեռահար ու «գաղտնի» նպատակներով: Այդ թվում՝ իշխանության հասնելու, իշխանությունը պահելու, իսկ հիմա արդեն՝ ինքնապաշտպանության նկատառումներով: Դրա «լավագույն» օրինակներից մեկը «նախկինների» թեման է, որը Փաշինյանը հետևողականորեն կիրառում է: Մյուսը, այսպես կոչված, «թալանի» ու «լափելու» թեմաներն են:

Ու թեկուզ չորս տարվա ընթացքում այդ «թեմայով» որևէ բացահայտում չի եղել, թեկուզ որևէ մեկի կյանքը այս չորս տարում չի լավացել (բացառությամբ քպականների), սակայն հաջողվել է մարդկանց մեջ ներարկել իրենցից «գողացածի» հոգեբանությունը: Վերջնարդյունքում այսօր մեր հասարակության որոշակի հատվածի շրջանում հավասարության նշան է դրվել «ուտելու» (ստամոքսային մտածողություն), ընդհանրապես՝ նյութականի ու… անվտանգության միջև: Նաև այս հանգամանքն է այսօր պատճառը, որ վտանգի զգացողությունը, անվտանգային իմունիտետը հասարակության բավականին պատկառելի քանակի մեջ պարզապես հասցվել է նվազագույնի, եթե չասենք ավելին: Շատերս ենք զարմանում, թե ինչպես է լինում, որ նույն այդ շրջանակները անտարբեր են թե՛ երկրին սպառնացող ակնհայտ վտանգների, թե՛ բոլորիս գլխին թափված աղետների հանդեպ:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031