Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերն առայժմ պատրաստ չեն երկխոսության

Մայիս 12,2022 10:00

Երբ մեկ տարի առաջ ընդդիմությունը փողոցում նույնատիպ հանրահավաքներ էր անում, որպես հարցի լուծում առաջարկվեց հետեւյալը՝ վարչապետը հրաժարական է տալիս եւ անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ դա լուծում չէ՝ անկախ նրանից, թե ով էր այդ ընտրություններում հաղթելու, հաղթողը կունենար ձեւական (Մաքս Վեբերը կասեր՝ «բյուրոկրատական») լեգիտիմություն, կունենար հաղթելու մասին թուղթ, որը, սակայն, չէր ապահովի հասարակական անդորրը: Կայունության բացակայությունը իշխանության քարոզիչները բացատրում են «ռեւանշիստների հավակնություններով» եւ, որպես կանոն, կոչ են անում պարզապես ճնշել այդ ցույցերը, բայց խնդիրն ավելի խորն է:

Եթե անգամ փողոցում այս պահին ոչ ոք չլիներ, հասարակության պառակտվածությունը ոչ մի տեղ չէր կորչի: Ընտրությունները չեն կարող կայունացնել վիճակը, եթե հաղթողն ասում է, որ իրեն քվեարկած քաղաքացիները ժողովուրդ են, իսկ իր դեմ քվեարկածները թալանչիներին ծախված զանգված են,  պարտվածներն էլ պնդում են, որ իշխանության կողմնակիցները «թուրք» են: Քաղաքական պատասխանատուներն, այդպիսով, մեծացնում են հասարակության երկու մասերի միջեւ գոյություն ունեցող անդունդը:

Իհարկե, իրավիճակը սրվում է նաեւ պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությամբ, որը հասարակության այս երկու մասերը տրամագծորեն տարբեր ձեւով են բացատրում: Արդյունքում մենք ամեն օր ներկա ենք ցավալի տեսարանի, երբ մայթերով քայլողները հայհոյում եւ անիծում են ցույցի մասնակիցներին, իսկ վերջիններս էլ նույն ձեւով են պատասխանում իշխանության կողմնակիցներին: Եվ դարձյալ՝ երկու կողմերի քարոզիչներն ասում են, որ նրանք, համապատասխանաբար, «ՔՊ»-ական» սադրիչներ» են կամ «թալանչիներից փող վերցրածներ»: Եթե կան մարդիկ, որոնք իսկապես այսպես են մտածում, ապա դա ինքնախաբեություն է կամ, կասեի անգամ՝ ինքնասփոփանք: Երկու կողմից էլ մեր համաքաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերը, որոնց քաղաքական ուժերն իրար դեմ են լարում: Եվ ամենեւին կարեւոր չէ՝ այդ մասերի հարաբերակցությունը 50/50 է, 60/40 է, թե 70/30՝ դա բոլոր դեպքերում պայթյունավտանգ վիճակ է, որը, կրկնեմ, միայն հրաժարականներով եւ ընտրություններով չի լուծվի:

Ելքը, բնականաբար, բանակցություններն են, որոնց կողմերը պատրաստ չեն՝ «մենք կբանակցենք հրաժարականի պայմանների մասին», «մենք կբանակցենք միայն թալանածը վերադարձնելու մասին»: Դրանք հենց այն մոտեցումներն են, որոնք երկուստեք տանում են փակուղի: Մինչդեռ պարզ է, որ խորհրդարանական երկրում նման կոնֆլիկտների լուծման տեղը խորհրդարանն է:

Վերջերս բարեկամներիցս մեկը հիշեցրեց, թե 30 տարի առաջ նմանատիպ իրավիճակում (եւ ավելի հզոր ցույցերի պայմաններում) ինչ որոշման հանգեց մեր խորհրդարանը: 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Պետք է նշել, սակայն, որ 1990 թվականին ընտրված իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների մտավոր մակարդակը եւ պետական ընկալումները այսօրվա համեմատ շատ ավելի բարձր էին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    ՀՀն (կայացած) խորհրդարանական երկիր չէ. “Եթե կան մարդիկ, որոնք իսկապես այսպես են մտածում, ապա դա ինքնախաբեություն է կամ, կասեի անգամ՝ ինքնասփոփանք”.

    Բայց յօդուածին ուղեկցող նկարը լաւն է։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031