«Հաճախ, երբ խոսում ենք արգելակների մասին, միշտ մտածում եմ՝ արհեստական բաներ են։ Մարդը, եթե արվեստագետ է, ստեղծագործում է, այդ արգելակները, ցենզուրան պիտի իր ներսում լինի»,-հարցին՝ արդյոք օրհասական իրավիճակներում արդարացի համարո՞ւմ եք մտավորականների այն հայտարարությունը, թե իր գործը ստեղծագործելն է, այսպես պատասխանեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։
Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մշակույթի գործիչների քննարկման ժամանակ նա խոսեց Խորանաշատ վանական համալիրի մասին ու շարունակեց․ «Նշվում է Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակը։ Այն գտնվում է Չինարիի մոտ ադրբեջանական սահմանագծի վրա՝ ընդամենը յոթանասուն մետր հեռավորության վրա։ Ադրբեջանական դիպուկահարներն ուղիղ նայում են վանքին։ Մենք տեսանք, թե ինչ եղավ Դադիվանքի հետ։ Այս օրերին Մատենադարանում պիտի բացվի Խորանաշատ վանական համալիրում ստեղծված օրինակված մատյանների մասին ցուցադրություն։ Դա հռչակավոր վանական համալիր է։ Ունեմ մտավախություն, եթե այսպես շարունակվի ու եթե թշնամին խորացել է 40 կմ, 70 մետրն ի՞նչ է։ Մեր խնդիրն է նախևառաջ բարձրացնել այն խնդիրները, որոնք վերաբերում են հատկապես մշակույթին, մեր ինքնությանը։ Խորանաշատ վանական համալիրով է արդարցվում մեր ինքնությունը։ Վաղը, եթե դա չունենանք, համարելու են ալբանական եկեղեցի։ Կոչ եմ անում, որ մեր բոլոր գործընկերները, մտավորականները խորհեն մի քիչ և ազնիվ լինեն սեփական խղճի առաջ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ