«Առավոտը» լրագրողական հետաքննություն էր անցկացրել՝ բարձրաձայնելով ու փաստաթղթերով հիմնավորելով, որ ՀՀ կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանն ու Գյումրու թիվ 11 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի նրա կինը՝ Հերմինե Ալեքսանյանը, ապօրինի հարստանում են։
Արայիկ Առաքելյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 2006 թվականից սկսած՝ իր կնոջ անունով Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ եւ Մուսայելյան համայնքներից էժան գնով վարձակալել էր գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ու թանկ գնով ենթավարձակալության էր տվել կապի օպերատորներին, որոնք այդ հողերում տեղադրել են հեռահաղորդակցության աշտարակներ։
Հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով, որը 2021 թվականի ամռանը կարճվել էր ոչ արդարացման հիմքով, ամուսիններն ընդունել էին իրենց մեղքը։ Սակայն մինչեւ օրս համայնքներին պատճառած վնասը փոխհատուցված չէ, եւ եթե Ցողամարգ բնակավայրում Հերմինե Ալեքսանյանի հետ վարձակալության պայմանագիրը լուծվել է եւ օպերատոր ընկերության հետ խոշորացված համայնքի կողմից կնքվել է վարձակալության նոր պայմանագիր, ապա Մուսայելյան համայնքում այս ընտանիքը դեռ շարունակում է ապօրինի հարստանալ։
2014 թվականի հոկտեմբերի 14-ից Հերմինե Ալեքսանյանը Մուսայելյան համայնքից վարձակալած 2.75 հա ընդհանուր մակերեսով հողատարածքի 0,27 հեկտարը ուղղակի առ ու վաճառքի միջոցով ձեռք է բերել, սեփականաշնորհել է (պայմանագրի պատճենը մեր ձեռքի տակ է) ու դեռեւս շարունակում է այն կապի բջջային օպերատորին վարձակալությամբ տրամադրել։
Կարդացեք նաև
Ուսումնասիրելով փաստաթղթերը՝ մենք նշել ենք, որ դատախազությունը հետեւողական չէ Աշոցք համայնքին իր իսկ կողմից ներկայացրած միջնորդագրի կատարմանը։ Մեր ենթադրությունն ենք հայտնել առ այն, որ կամ անհետեւողականություն է ցուցաբերվում, կամ աչք է փակվում ու հովանավորչություն իրականացվում կադաստրի նախկին պետի ընտանիքի հանցավոր գործունեության նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ պարզաբանում է ուղարկել այս թեմայի շուրջ։
Այն, բնականաբար, կտպագրենք անփոփոխ, սակայն ընթերցելով դատախազության պատասխանը, նորից պնդում ենք, որ Աշոցք համայնքին միջնորդագրի ուղարկումից հետո դատախազությունն անհետեւողական է եղել դրա կատարմանը։
Միջնորդագրի քննարկման ժամկետը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մեկ ամիս է, սակայն 4 ամիս շարունակ՝ հունվարից մինչեւ մայիս, այն չի կատարվել Աշոցք համայնքի կողմից։ Միջնորդագիրը ստանալուց հետո համայնքը չորս ամիս միջոցներ չի ձեռնարկել, ի՞նչն է խանգարել համայնքին, մի՞թե 4 ամիսը բավարար չէր Աշոցքի համայնքապետարանին դատարան հայցադիմում ներկայացնելու համար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դատախազությունը Աշոցք համայնքի նկատմամբ միջոցներ չի ձեռնարկում, չէ՞ որ միջնորդագիրը լուրջ լծակ է։
Բացի այդ, դատախազությունն իր պատասխանում գրում է, որ մինչ միջնորդություն ներկայացնելը, դեռեւս անցած տարի նույն պահանջով գրություն է հասցեագրված եղել Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարին: Իսկ ինչո՞ւ նման մի գրություն չի հասցեագրվել Մուսայելյան համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս պարտավորված լիներ մտնել դատարան ու սեփականության իրավունքից զրկեր Հերմինե Ալեքսանյանին։
Առհասարակ հետաքրքիր է, թե քրգործի կարճումից անմիջապես հետո դատախազությունը ինչու միջնորդագիր չի ուղարկել երկու համայնքներին՝ օրենքով չկարգավորվող գրության փոխարեն. ո՞րն էր մինչեւ 2022 թվականի հունվարը սպասելու իմաստը։
Նշենք, որ մենք հետեւություններ արել ենք՝ բացառապես վկայակոչելով փաստաթղթերը, փաստաթղթերը իրենք են խոսել Շիրակի մարզի դատախազության անհետեւողականության մասին։
Մեզ զարմացրել են նաեւ դատախազության պաշտոնական պատասխանում տեղ գտած որակումները: Մեր ԶԼՄ-ի քննադատությունը դատախազության հասցեին՝ կոնկրետ այս դեպքի հետ կապված, համարել են «խիստ սուբյեկտիվ, մերկապարանոց, ակնհայտորեն պայմանավորված անձնական շահագրգռություններով»։
Ավելորդ է հիշեցնել, որ մամուլի գլխավոր գործառույթներից մեկը վերահսկելն է, այդ թվում դատախազությանը, իսկ համայնքներին պատճառած վնասի փոխահատուցման, ապօրինի հարստացման դեմ պայքարի հարցը պիտի գտնվեր ոչ միայն մամուլի, այլ առաջնահերթ դատախազի անձնական շահագրգռվածության տիրույթում։
Ինչեւէ, ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը.
«Առավոտ» օրաթերթում մայիսի 3-ին եւ Aravot.am կայքում մայիսի 4-ին լույս է տեսել «Շիրակի կադաստրի նախկին պետի ընտանիքը շարունակում է ապօրինի հարստանալ. անհետեւողականությո՞ւն, թե՞ հովանավորչություն» վերտառությամբ հոդված, որտեղ անհիմն, անտեղի մեղադրանքներ են հնչել ՀՀ Շիրակի մարզի դատախազության հասցեին, որոնք հիմնված են իրողությունների սուբյեկտիվ, սիրողական մակարդակի դատողությունների, դատախազության իրավասությունների մասին մակերեսային պատկերացումների վրա:
Հրապարակման հեղինակը փաստացի մարզի դատախազությանը մեղադրում է հանցագործության վաղեմությունն անցնելու հիմքով վարույթը կարճված գործով Շիրակի մարզի Աշոցք համայնքի ներկայիս Մուսայելյան եւ Ցողամարգ բնակավայրերի համայնքապատկան երկու հողատարածքների ապօրինի վարձակալության եւ ենթավարձակալության հանձնելու գործընթացով պայմանավորված՝ համայնքին պատճառված վնասները վերականգնելու հարցում բավարար հետեւողականություն չցուցաբերելու, Կադաստրի տարածքային ստորաբաժանման նախկին պետ Ա. Առաքելյանի, նրա կնոջ «հանցավոր արարքների վրա աչք փակելու» մեջ: Եվ որպես, իբրեւ թե, դրա հիմնավորում՝ հեղինակը նշում է, թե դատախազությունը համայնքի իրավունքների վերականգնման եւ այդ նպատակով քաղաքացիական հայցի ներկայացման «հարցի լուծումը թողել է Աշոցք խոշորացված համայնքի հայեցողությանը», այն դեպքում, ըստ հեղինակի, որ բազմաթիվ այլ դեպքերում դատախազությունն ինքն է հայց ներկայացրել դատարան՝ վնասի փոխհատուցման պահանջով:
Ավելորդ է, թերեւս, նշել, որ լրագրողական մասնագիտական կանոնները պահանջում են ինչ-որ երեւույթի կամ իրադարձության եւ հատկապես՝ իրավական հարցերի մասին հրապարակայնորեն դատողություններ, պնդումներ անելուց առաջ նվազագույնը համակողմանի ծանոթանալ խնդրին ու դրան առնչվող հարաբերությունները կարգավորող իրավանորմերին:
Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, ինչպես նաեւ դատախազը պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց է հարուցում:
Մինչդեռ հրապարակման մեջ նշվող դեպքում վնասը պատճառվել է համայնքին, այն չի հանդիսանում պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոց: Այսինքն դատախազությունը համայնքի շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն տվյալ դեպքում չունի, եւ պատշաճ հայցվոր է հանդիսանում համայնքը:
Եվ հենց դրանից ելնելով՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործերի վարույթը կարճվելուց հետո մարզի դատախազությունը, 21.01.2022թ. միջնորդություն է ուղարկել Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարին՝ Ցողամարգ եւ Մուսայելյան բնակավայրերին պատճառված վնասներն ամբողջությամբ վերականգնելու նպատակով դատարան հայցադիմումներ ներկայացնելու մասին:
Նույն օրը գրություն է ուղարկվել Շիրակի մարզպետին՝ իր լիազորությունների շրջանակներում գործընթացի նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու մասին:
Ավելին, մինչ միջնորդությունը ներկայացնելը, դեռեւս անցած տարի նույն պահանջով գրություն է հասցեագրված եղել Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարին:
Ավելորդ չէ նշել, որ հենց մարզի դատախազության հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ լուծվել է Ցողամարգ բնակավայրում Կադաստրի տարածքային ստորաբաժանման նախկին պետ Ա. Առաքելյանի կնոջ հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը եւ համայնքի կողմից հեռահաղորդակցության օպերատոր ընկերության հետ կնքվել նոր պայմանագիր:
Այս հարցում դատախազության հետեւողականությունը, ինչպես նմանատիպ բոլոր այլ դեպքերում, լինելու է շարունակական: Մարզի դատախազությունը ինչպես գրությունների, այնպես էլ բանավոր հաղորդակցության միջոցով պարբերաբար տեղեկատվություն ստանում է համայնքին ուղղված միջնորդությունից բխող միջոցների ձեռնարկման ուղղությամբ իրականացվող գործընթացների մասին:
Եվ այդ ուղիներով տեղեկացվել է, որ Աշոցք խոշորացված համայնքի այլ բնակավայրերին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար դատարան հայցադիմումներ ներկայացնելու ուղղությամբ համայնքի կողմից ձեռնարկվում են միջոցառումներ:
Տվյալ դեպքում պատշաճ միջոցներ չձեռնարկվելու պարագայում կքննարկվի համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ անհրաժեշտ ներգործության (ընդհուպ քրեաիրավական) միջոցներ ձեռնարկելու հարցը:
Հետեւաբար մարզի դատախազության կողմից տվյալ անձի կոռուպցիոն գործերը կոծկելու, հովանավորելու, իրավունքների վերականգնման ուղղությամբ հետեւողականություն չցուցաբերելու եւ այլնի մասին գնահատականները ոչ միայն խիստ սուբյեկտիվ են, մերկապարանոց, ակնհայտորեն պայմանավորված անձնական շահագրգռություններով, այլեւ խիստ անհամոզիչ են՝ հրապարակման մեջ մարզի դատախազության իրականացրած նախաձեռնությունների մասին կամա թե ակամա արվող ակնարկների ֆոնին»:
«Առավոտ» օրաթերթ
11.05.2022