Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար-մարտին ՏԱՑ-ը կազմել է 9.6%, գնաճը՝ 7%

Մայիս 12,2022 14:30

2022 թվականի հունվար-մարտին 2021թ. հունվար-մարտի նկատմամբ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6%, իսկ 2022 թվականի մարտը 2021 թվականի մարտի նկատմամբ, ՏԱՑ-ը կազմել է 6.7%։ Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները։

Նշենք, որ ըստ այդ ցուցանիշների, 2022 թվականի մարտին ՏԱՑ-ը 2022 թվականի փետրվարի նկատմամբ կազմել է 8.4 %։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը թեեւ աճել է այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կազմելով 3.1%, սակայն 2022 թվականի մարտը 2021 թվականի մարտի նկատմամբ նվազել է 6.9%-ով, իսկ այս տարվա մարտը նախորդ փետրվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1.3 %-ով։

Նվազել է նաեւ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը. 2022 թվականի հունվար-մարտը 2021 թվականի հունվար-մարտի նկատմամբ, գյուղարտադրանքի ծավալը նվազել է 5.4%-ով։ Զգալի աճ է արձանագրվել ծառայություններում (առանց առեւտրի), ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճը կազմել է 22.2%, իսկ 2022 թվականի մարտը նախորդ տարվա մարտի նկատմամբ աճը կազմել է 25.9%։

Նկատելի աճել է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը, ընդ որում՝ երկնիշ թվերով։ Այսպես՝ 2022 թվականի հունվար-մարտին արտաքին առեւտրաշրջանառության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 38.5%, իսկ իսկ մարտը՝ մարտի համեմատ՝ 15.6%, իսկ ահա այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ անկում է գրանցվել՝ 10.6%-ով։ Արտահանման ծավալների աճն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 26.9%, այս տարվա մարտին նախորդ մարտի նկատմամբ աճը կազմել է 4%, բայց 2022 թվականի մարտը փետրվարի նկատմամբ նշված ոլորտում անկում է գրանցվել, կազմելով՝ 12.2%։ Ներմուծումը, ինչպես միշտ, գերազանցում է արտահանումը։ Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 45.6%-ով, իսկ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 22.5%, սակայն այս տարվա մարտը փետրվարի համեմատ անկում է գրանցվել, կազմելով 9.8%։ Կարելի է ենթադրություն անել, թե արտաքին առեւտրաշրջանառության մարտի անկումը ինչի հետեւանք է, հնարավոր է դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, իսկ օրինակ ՌԴ-ն Հայաստանի խոշոր առեւտրային գործընկեր երկիր է։

Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով, 2022 թվականի մարտը 2021 թվականի մարտի նկատմամբ, աճը կազմել է 8.2%, այս տարվա մարտին փետրվարի համեմատ, աճը կազմել է 25 %։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալից էլ կարելի է պատկերացում կազմել տնտեսական ակտիվության մասին։ Օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 16.7 %-ով, այս տարվա մարտին 2021 թվականի մարտի համեմատ աճը կազմել է 6.8%, իսկ այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ նվազել է 0.9%-ով։

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թվականի հունվար-մարտը 2021 թվականի հունվար-մարտի նկատմամբ, 9.6%-ով աճել է։ Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսը, այլ կերպ ասած՝ գնաճը, կազմել է 7%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031