Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Մամբրե Տեր-Հակոբյան, որ պատերազմն ավարտեց Բեռլինում

Մայիս 12,2022 14:00

Իմ տոհմածառի անվանի ճյուղերից մեկը

Այս խունացած լուսանկարը Մամբրե Տեր-Հակոբյանինն է՝ արված Հայրենական մեծ պատերազմի ավարտական տարում՝ 1945թ.-ին:
Մամբրե Տեր-Հակոբյանը Բամբակաշատի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցող եւ ավագ քահանա Հովհաննես Տեր-Հակոբյանի յոթ զավակներից մեկն էր՝ իմ Սիրանույշ տատի եղբայրը: Խորհրդային տարիների հաստատումից հետո Տեր Հովհաննեսն ու իր որդիները, մատնագրերի հիման վրա, դաժան կերպով հալածվել են, երկու ավագ որդիները սպանվել են բանտում: Նույն ամբաստանագրերի հիման վրա է հետապնդվել նաեւ Տեր Հովհաննեսի մյուս որդին՝ Մամբրե Տեր-Հակոբյանը: Ճեմարանական հիմնավոր կրթություն ստանալով՝ նա ուսումը շարունակել է բժշկագիտության գծով: Բարձր առաջադիմությամբ սովորել է Երեւանի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրերին ուսումնական գործի կազմակերպման գործում իր լուման բերելու նպատակով համալսարանի ղեկավարությանն է դիմում Տեր Հովհաննեսը՝ առաջարկելով հարուստ գրականությամբ օգնել գիտության նորաստեղծ կաճառի գրադարանին: Ստանալով ղեկավարության հավանությունը՝ հաջորդ իսկ օրը քահանան բերնեբերան բեռնված երկու սայլ գիրք է նվիրաբերում համալսարանին: Դա ընդամենը մի մասն էր իր հարուստ գրադարանի, որը, որպես ուսյալ եւ կրթված անձնավորություն, լրացրել է մինչեւ իր կյանքի վերջին տարիները: Նրա ուսանող որդուն մեծ ապագա էին կանխատեսում համալսարանում: Ուսումնատենչ Մամբրեի կուրսընկերներից էր Պ. Մարգարյանը, որի մասին հայտնի է, որ ծնունդով եղել է Սարդարապատի շրջանի Էվջիլար (ներկայումս՝ Արազափ) գյուղից եւ, 1927թ.-ին ավարտելով բժշկ. ֆակուլտետը, գլխապտույտ հաջողությունների է հասել մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ասպարեզում, ղեկավարել բժշկական հիմնարկներ եւ ուսումնական հաստատություններ:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչմանը հասնելու՝ Մամբրե Տեր-Հակոբյանի ուղին ավելի խրթին էր ու քարքարոտ:

Զգալով, որ որդու գլխին սեւ ամպեր են կուտակվում, եւ մատնագրերի հերթական թիրախը Մամբրեն է դառնալու, քահանա հայրը որոշում է կանխել վերահաս վտանգը եւ պնդում է, որ զավակը հեռանա երկրից: Մամբրեի համար դժվար էր Հայաստանից հեռանալու որոշում կայացնելը, առավել եւս, որ այստեղ էր թողնում իր սիրած աղջկան: Բայց գյուղից եկող ամբաստանագրերի տարափը չէր դադարում, եւ երիտասարդը հալածանքներից խուսափելու համար սրտի ցավով 1924 թ.-ին թողնում է հայրենիքը՝ հաստատվելով Միջին Ասիայում: Դա եւս նրան չի փրկում ձերբակալությունից ու դաժան հարցաքննություններից: Հատուկ ծառայությունները, հետեւելով իր սիրած աղջկա հետ սիրատոչոր երիտասարդի նամակագրությանը, պարզում են Մամբրեի գտնվելու վայրը եւ նրան ձերբակալում Տաշքենդում: Բայց կատարվում է անկարելին. ոչ մի «սեւ բիծ» չգտնելով Մամբրեի կենսագրությունում՝ նրան շուտով ազատ են արձակում:

Նա սկզբնական շրջանում ուսուցչություն է անում՝ միաժամանակ ուսումը շարունակելով տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Հետագայում Մամբրեն դառնում է Ուզբեկստանի բժշկական համալսարանի հիմնադիրներից մեկը, անվանի բժիշկ եւ պրոֆեսոր, 1941-45 թթ. Հայրենական պատերազմի տարիներին զորակոչվելով բանակ՝ որպես ռազմական բժիշկ ծառայում է արեւմտյան ռազմաճակատում՝ անցնելով մահվան եւ նախճիրի եւս մի դժոխքով: Պատերազմի ավարտը դիմավորում է Գերմանիայում, ինչի վկայությունն է ռազմաճակատային մի լուսանկար, որ 1945-ին իր սիրասուն քույրիկ Սիրանույշին է ուղարկել Մամբրե Տեր-Հակոբյանը: Հայրենիքից հեռանալուց 37 տարի անց միայն՝ 1961թ.-ին, Մամբրեն այցելեց Հայաստան, եղավ հայրենի վայրերում, խոնարհվեց հոր գերեզմանին, կանգ առավ իր հոր կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցու փակ դռների առջեւ, հիշեց, խոկաց ու դառնացավ: Հետագայում քանիցս այցելելով հայրենի վայրեր՝ այդուհանդերձ չհասցրեց տեսնել եկեղեցին վերաօծված եւ խնկահոտ:

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներում՝ Մամբրեն եւ քույրն ու եղբայրը հանդիպել են Մամբրեի՝ Տաշքենդից Հայաստան այցին. աջից՝ քույր, եղբայրն են,
տղամարդու կողքին տատիկս՝ Սիրանույշն է։

«Առավոտ» օրաթերթ
11.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031