Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիրք՝ զոհված ուսանողների մասին

Մայիս 12,2022 13:30

Լույս է տեսել Արցախյան պատերազմներում ԱրՊՀ զոհված ուսանողների կենսապատումն ամփոփող «Ձեզ բացակա չենք դնի» գիրքը:

Ըստ Արցախի պետական համալսարանի կայքի՝ հանուն հայրենիքի Արցախյան պատերազմներում նահատակված ուսանողների կենսապատումն ամբողջացնող գիրք ստեղծելու աշխատանքները սկսվել էին դեռ նախորդ տարի՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի հանձնարարականով։

Գիրքը տպագրվել է ԱրՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, խմբագիրն է բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը։ Առաջին մասում զետեղված տեղեկություններն ամբողջապես վերահրատարակվել են ըստ Արցախյան առաջին պատերազմում նահատակված ԱրՊՀ ուսանողների հիշատակին նվիրված «Անկախության նվիրյալները» գրքի, որը կազմել եւ հրատարակության էին պատրաստել Վահրամ Բալայանը, Ռոնա Բալայանը, Մհեր Հարությունյանը, իսկ 2-րդ եւ 3-րդ մասերը, որոնք նվիրված են Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում անմահացած ուսանողներին, կազմել են Զարինե Սառաջյանը եւ Լիլիթ Մարգարյանը։ Գիրքը կտրամադրվի նաեւ զոհված ուսանողների հարազատներին։

Գիրքը բացվում է առաջաբանով. «Սիրելի՛ ընթերցող.
Քո առջեւ բացվում է սխրանքներով ու հերոսություններով լի մի գիրք-կենսապատում, որի յուրաքանչյուր էջը ապրողներիս ճշմարիտ ապրելու բանաձեւի հրամայական է պատգամում: Գիրքը անկախության ու իր հայրենիքում ազատ ապրելու համար հայության մղած պայքարում նահատակված ԱրՊՀ ուսանողների մասին է: Հավերժի ճամփան բռնած մեր հերոս տղաները ընդմիշտ մնացին ուսանողներ՝ աշխարհին ցույց տալով ամենաիմաստուն դասը՝ հանուն հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դնելով իրենց կյանքերը: Տղաներ, ովքեր կարող էին դառնալ աշխարհահռչակ գիտնականներ, մարզիկներ, արվեստագետներ, բայց գերադասեցին լինել անձնվեր զինվորը հայրենիքի:

Արցախյան շարժման տարիներին Արցախի պետական համալսարանը դարձել էր գաղափարական դարբնոց, որի հիմքում կանգնած էին մեր ուսանողները: Շարժումը պատերազմի վերաճելուն պես մեր ուսանողները գրիչը փոխարինեցին զենքով ու նետվեցին հայրենիքի պաշտպանության առաջնագիծը՝ վերահաստատելու պատմական արդարությունն ու հայի արժանապատվությունը: Հաղթանակով պսակված պատերազմը, սակայն, անդառնալի կորուստներ պատճառեց: Մեր 72 ուսանողներ Արցախյան առաջին պատերազմում դարձան հավերժի ճամփորդներ:

2016 թ. ապրիլին սանձազերծված քառօրյա պատերազմի ժամանակ եւ դրան նախորդած սրացումներին եւս Արցախի մայր բուհի ուսանողները սահմանի թեժ կետերում էին: Ցավոք, այս ընթացքում եւս ունեցանք երեք անդառնալի կորուստներ:
2020 թ. սեպտեմբերի 27-ին բացված լուսաբացը աղետ գուժեց մեր ազգին: 44 օր տեւած աղետաբեր պատերազմը խլեց Մայր բուհի 26 լույս տղաների կյանքեր:

ԱրՊՀ պուրակում մեր անմահացած հերոս ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողից անխոս մեզ են նայում մեր լույս տղաները եւ պատգամում իրենց կիսատ թողածը շարունակելու, իրենց չապրածը ապրելու, իրենց երազանքները ի կատար ածելու, որն ամբողջության մեջ կոչվում է հայրենակերտում: Նրանք նահատակվեցին հանուն գաղափարի, որ ապրի Արցախը, ապրի հայեցի, որ դպրոցում հնչի մաշտոցյան ոսկեղենիկ մայրենին, որ եկեղեցում աղոթք մրմնջա հավատավոր հայը, որ յուրաքանչյուր ապրող յուրովի ապրեցնի հայրենիքը… Հավերժ փառք եւ պատիվ մեր անմահացած հերոսներին, հավերժ խոնարհում մեր հերոսածին մայրերին:
Նրանց հիշելն ու մեծարելը պետք է մեզ՝ ապրողներիս, եւ մենք ամեն պահ, ցանկացած գործ նախաձեռնելիս պետք է հիշենք նրանց, նրանց կատարած սխրանքը, որպեսզի մեր գործերով երբեք ամոթով չմնանք նրանց հիշատակի առջեւ, նրանց սխրանքի կողքին, որ արժանի լինենք նրանց թողածը ժառանգելու, պահելու ու պահպանելու, նրանց արյամբ մկրտված հայրենիքում ապրելու… Այս գիրքը մի յուրահատուկ հարգանքի տուրք է եւ խնկարկում ի հիշատակ հանուն հայրենիքի պաշտպանության հավերժի ճամփորդ դարձած մեր ուսանող-մարտիկների:

Հավերժ փառք, Ձեզ բացակա չենք դնի, մեր անմա՛հ հերոսներ…»:

«Առավոտ» օրաթերթ
11.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031