Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերիս ծանոթ Կրասոսը բարձրարվեստ էր նաեւ Սպարտակի կերպարում

Մայիս 12,2022 13:00

Երեւանում էր Կուբանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Շլիկովը

Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետն առաջին անգամ 1956թ. բեմադրել է Լեոնիդ Յակոբսոնը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, երկրորդ անգամ՝ 1958թ., Իգոր Մոիսեեւը՝ Մոսկվայի «Բոլշոյում»։ 1968թ., դարձյալ «Բոլշոյում, «Սպարտակը» ներկայացվել է, այս անգամ Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով։ Երեւանի ազգային օպերային թատրոնում առաջին անգամ այս բալետը 1961թ. իրականացրել է Եվգենի Չանգան։ Շուրջ տասը տարի անց դարձյալ անդրադարձ է եղել ստեղծագործությանը՝ Վիլեն Գալստյանի խմբագրմամբ։ Օրերս մեր թատրոնում կայացած «Սպարտակի» հերթական ներկայացումը 2009թ. իրականացվել էր Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով, որտեղ գլխավոր դերապարով հանդես եկավ Կրասնոդարի բալետի թատրոնի մենապարող, Կուբանի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Շլիկովը։
Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում, դիտարկմանը՝ ավելի քան կես դար «Սպարտակի» բեմական կյանքը ցույց տվեց, որ ձեր բեմադրությունը լավագույն տարբերակն է ոչ միայն խորհրդային երկրում, այլեւ արտասահմանում, Յուրի Գրիգորովիչը պատասխանել էր. «Յակոբսոնի բեմադրությունը ժողովրդականություն էր վայելում, բայց թատրոնի ղեկավարությանն ու ստեղծագործության հեղինակին՝ Արամ Իլյիչին ինչ-որ բան չէր գոհացնում։ Տասնամյակներ անց, այսօր էլ չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչը։ Բայց մի բան ինձ թույլ կտամ հայտարարել. իմ բեմադրությունից հետո Արամ Իլյիչն ասաց, որ յակոբսոնյան եւ մոիսեեւյան ներկայացումները կատարել են իրենց պատմական առաքելությունը»։

Երբ լեգենդար խորեոգրաֆին խնդրել էինք առանձնացնել իր նախընտրած սպարտակների, կրասոսների, ֆրիգիաների անունները, նա նախ նշել էր, թե նրանց թիվը տասնյակների է հասնում, բայց, այնուամենայնիվ, բարձրաձայնել էր մեկ-երկու անուն, այդ թվում՝ Ալեքսեյ Շլիկովի անունը. «Ալեքսեյը տիրապետում է բալետարվեստի ոչ միայն ամենաբարդ տեխնիկային, այլեւ նրա յուրաքանչյուր ժեստի անզուսպ ուժն ու շարժումների մասշտաբը հանդիսատեսին պահում են հուզական լարվածության մեջ ողջ ներկայացման ընթացքում։ Այս դեպքում խոսքս նրա Կրասոսի մասին է, որտեղ արտիստը իսկապես համոզիչ է որպես իսկական հրամանատար, նվաճող։ Նույն բարձր կարծիքին եմ նաեւ նրա ներկայացրած Սպարտակի մասին»։ Ի դեպ, ուղիղ 20 տարի առաջ Ալեքսեյ Շլիկովն ընդունվել է Յուրի Գրիգորովիչի՝ Կրասնոդարի բալետի թատրոն։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներում մասնագետները անդրադառնալով այս արտիստի բեմական գործունեությանը, նշում են ոչ միայն նրա բարձր պրոֆեսիոնալիզմը, այլեւ կատարողական ինքնատիպ ոճը։

Հայաստանցի հանդիսատեսը ծանոթ էր Ալեքսեյ Շլիկով արտիստին. նա շուրջ 5 տարի առաջ մեզ մոտ հանդես էր եկել Կրասոսի դերապարով, հիմա էլ հիանալի էր նրա Սպարտակը, ինչի վկայությունն էին ներկայացման ընթացքում եւ ավարտին հյուրախաղորդ արտիստին ուղղված բրավոները։ Այս անգամ ներկայացումը վարում էր դիրիժոր Աթանես Առաքելյանը։ Զարմանալի զուգադիպությամբ վերջերս Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնում «Սպարտակ» էր ղեկավարում Կարեն Դուրգարյանը, որը ոչ միայն երեւանյան, այլեւ Սանկտ Պետերբուրգի, Մյունխենի, Բրյուսելի, Աստանայի, Կազանի, Նովոսիբիրսկի թատրոններում հանդիսանում է այդ ներկայացման բեմադրող դիրիժորը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031