Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ամենաշատն անհանգստացնում է հայի հայ մնալը»

Մայիս 12,2022 12:30

Ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ, բեմանկարիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Դավիթ Մինասյանը

– Պարոն Մինասյան, դասախոսում եք ԵԹԿՊԻ-ում, ապագա բեմանկարիչներին: Ինչո՞վ է առանձնանում այս սերունդը:

– Բնականաբար, յուրաքանչյուր սերունդ ունի իր փայլուն ու հետաքրքիր երիտասարդությունը՝ անսպասելի մտքերով, գաղափարներով: Մենք էլ ենք մեկ-մեկ նրանցից սովորում: Սակայն խնդիրն այն է, որ հիմա ժամանակներն այնպիսին են, որ հետագա աշխատանքը չենք տեսնում եւ մենք, եւ երիտասարդները: Կարծես թատրոններում հեշտ ճանապարհն են ընտրում եւ այդտեղ բեմանկարչությունը երկրորդ պլանում է հայտնվում: Ցավոք սրտի, պետք է ասեմ՝ այն ուսանողները, որոնք իրենց ապագան չէին տեսնում թատրոնում, բեմանկարչության ոլորտում, ավելի շատանում է, որը, իմ կարծիքով, ժամանակների խնդիրն է, ոչ թե երիտասարդության: Երբ ներկայացումների ձեւը, որակը, լրջությունը սկսվում է շեղվել, բնականաբար դրա արձագանքը նույնպես կա:

– Այսօր ականատեսն ենք, թե կոմերցիոն նպատակներով ներկայացումներն ինչքան են շատացել: Ինչպե՞ս եք մոտենում այս իրականությանը:

– Կան «թիթեռ» նախագծեր՝ կարճ, խաղացանկ չմտնող, ինչպես նշեցիք՝ զուտ կոմերցիոն նպատակներով իրականացվող, որտեղ շատ ուշադրություն չի դարձվում ոչ բեմանկարչությանը, ոչ դրամատուրգիային, բայց պետք է փաստենք, որ սա աղետալի է դարձնում ոլորտը: Սա կեղծ, արհեստական ճանապարհ է նաեւ ուսանողների համար, որովհետեւ ինչու ոչ՝ նաեւ վտանգավոր է: Սակայն այստեղ նշեմ, որ կան նաեւ լավ ռեժիսորների կողմից բեմադրվող խորը, բազմաշերտ ասելիքով ներկայացումներ, որոնք այսօր շատ քիչ են:

– Տարբեր երկրների թատրոններ իրենց յուրահատկություններով են առանձնանում՝ նորարարություններով, ինքնատիպ բեմանկարչական եւ ռեժիսորական լուծումներով, փորձարարական բեմադրություններով: Մենք առա՞ջ ենք, թե՞ հետ…

– Մենք մտքով առաջ ենք, հնարավորություններով՝ հետ: Կան գաղափարներ, որոնք շատ հետաքրքիր են, բայց Հայաստանի պայմաններում հնարավոր չէ իրականացնել, հուսով եմ՝ ժամանակավոր:

– Ժամանակակից ստեղծագործող-նկարիչների մասին էլ խոսենք: Տեսնում ենք, թե ինչքան են շատացել ցուցահանդեսները, հատկապես անհատական:

– Կան լուրջ, կայացած, սերնդին սովորեցնող նկարիչներ ու կա սուտը: Երբ դեռ ուսանող էի, մի դասախոս ունեի Լատվիայից, որը միշտ ասում էր՝ երբ պայմանական աբստրակցիա ես նայում, աբստրակցիան պետք է տարբերես ուղղակի դիզայն կտավից, սիրուն ներկած կտավից, որն իրականում շատ դժվար է: Հեշտ ճանապարհը միշտ հեշտ է, բայց ճիշտ չէ: Նկարիչը պետք է նախ նկարել իմանա…
Երբ որ լինում են անհատական կամ սահմանափակ խմբակային ճիշտ մտածած, բեմադրած, կառուցած ցուցահանդեսներ, բավականին հաջող են անցնում: Բայց երբեմն լինում են ընդհանուր, մեծ, խառը ցուցահանդեսներ, որտեղ շիլաշփոթ է դառնում: Իհարկե, զգում ես՝ որն է արվեստ ու որը սուտ, բայց այս ճանապարհն ընտրած սկսնակի մոտ արդեն կարող է խնդիրներ ստեղծել…

– Պարոն Մինասյան, ի՞նչ նորություններ են սպասվում:

– Շատ նախագծեր կան, որոնք ընթացքի մեջ են: Գավառ քաղաքում պետք է Արծրունի եղբայրների հուշարձանը տեղադրենք, արդեն չորս տարի է՝ աշխատում ենք:

– Այս խառնակ ժամանակաշրջանում ի՞նչն է ձեզ ամենաշատն անհանգստացնում:

– Ինձ ամենաշատն անհանգստացնում է հայի հայ մնալը, սերունդների հայ մեծանալը եւ այս մոլորակում գոյատեւելը՝ որպես ազգ, պետություն: Նաեւ անհանգստացնում է սինթետիկ, կեղծ, անբնական երեւույթների պրոպագանդան: Յուրաքանչյուր բնագավառ ունի իր աղանդը, մենակ եկեղեցին չէ: Ե՛վ կերպարվեստում, եւ՛ թատրոնում կան ուժեր ու հարվածներ:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031