Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն մերժում է Երեւանի 6 կետերը

Մայիս 12,2022 12:00

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը կքննարկվեն Բաքվի 5 կետերը

Ե՛վ միջազգային հանրությունում, ե՛ւ Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, երբ Բաքվի առաջարկած կետերին ավելանում են Երեւանի առաջ քաշած 6 կետերը, անցյալ շաբաթ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ավելի վաղ Բրյուսելում հանդիպել էր Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: «Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել եւ բանակցություններ սկսել, ըմբռնում կա: Այդ ըմբռնումը կա ադրբեջանական կողմում, այդ ըմբռնումը կա մնացած մեր բոլոր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն՝ «5+6» կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, եւ մենք տեսել ենք փոխըմբռնում», – նշեց Գրիգորյանը:

6 կետերի շուրջ այլ մանրամասներ Արմեն Գրիգորյանը չհայտնեց։ Հիշեցնենք, որ գրեթե 2 ամիս առաջ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ խաղաղության բանակցությունների 5 կետանոց առաջարկ է ներկայացրել Երեւանին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դրանց բովանդակությանն անդրադարձել էր «Արմենպրեսի» հետ հարցազրույցում, ինչպես նաեւ ԱԺ-ում։ Միրզոյանը Բաքվի 5 կետերին գումարվող Հայաստանի առաջարկած փաթեթը չէր բացահայտել, սակայն, կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանի առաջարկած օրակարգի առանցքում արցախահայության իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն է եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը։ «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները, «5+6» կետերը պետք է միացնել իրար եւ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաեւ մենք երկարաժամկետ գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը», – նշեց Գրիգորյանը:

Հատկանշական է, որ Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումից հետո հաղորդագրություն չի տարածվել, սակայն հանդիպումից առաջ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ պատրաստվում էին քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնցից եւ կախված էր արդեն երկրների առաջնորդների հաջորդ հանդիպումը։ «Հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, եւ երբ որ քննարկումները հասնեն ինչ-որ փուլի եւ նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», – ընդգծել էր Արմեն Գրիգորյանը:

Հավելենք նաեւ, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո դեռ չի ստեղծվել Դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հանձնաժողով, բայց պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այն պետք է ստեղծվեր մինչեւ ապրիլի վերջ։
Գրիգորյանն արձագանքել է նաեւ ընդդիմությունից հնչող այն համոզմունքին, թե իշխանությունները պատրաստվում են հանձնել անկլավները: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ մինչեւ այս պահը անկլավների հարց չի բարձրացվել. «Կարելի է ասել, որ երկու կողմից էլ, քանի որ անկլավ կա, Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը եւ Հայաստանի տարածքում կան անկլավներ, եւ նրանց տարածքները գրեթե հավասար են: Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռեւս չի քննարկվել: Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին», – նկատել է Ա. Գրիգորյանը:

Իսկ այն, որ Ալիեւը օրեր առաջ հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է», այնուհետեւ հավելել էր, թե ե՛ւ երկաթգիծը, ե՛ւ Զանգելանի շրջանի տարածքով անցնող մայրուղին կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ, Արմեն Գրիգորյանն այս առիթով նկատել է, թե՝ Սյունիքում ոչինչ չի փոխվել, հետեւաբար դժվարանում է հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել Ալիեւը «իրականություն» ասելով. «Եթե նա ի նկատի ունի այս պահին գոյություն ունեցող իրավիճակը եւ դրանով կարողանում է պնդում անել, որ այլեւս իրականություն է, ապա դա մեր համար ամբողջովին ընդունելի է եւ մենք ընդունում ենք այս իրավիճակն ու իրականությունը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը, որի հետ Ա. Գրիգորյանը հանդիպել է, նշել էր, թե Ադրբեջանն առաջարկում է Հարավային Կովկասի ինտեգրացված մոդել. «Այսօր Հարավային Կովկասը շատ է մասնատված, անհրաժեշտ են նոր կապեր, մարդկանց միջեւ նոր շփումներ»: Հաջիեւն ասել էր, որ Բաքուն սպասում է Երեւանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը եւ պատրաստ կլինի այդ դեպքում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Հիմնահարցն այս է՝ պատրա՞ստ է Հայաստանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Ապա` նա խոսել էր սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի կարեւորության մասին, նշելով, թե կան այդ գործընթացի մոտալուտ մեկնարկի մասին վկայող ազդակներ:

Նկատենք նաեւ, որ մայիսի 13-ին Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս հանդիպումը կայանալու է, փաստորեն, Երեւանից հայտնած նոր տեղեկության պայմաններում, այն է՝ Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, այսինքն՝ Բաքվի առաջարկած կետերին Երեւանն առաջարկել է եւս 6 կետ: Եթե, ինչպես ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն է պնդում, Բաքվի համար դրանք ընդունելի են, ուրեմն՝ առաջիկա բանակցությունները պետք է ընթանան այդ առաջարկությունների շրջանակներում: Եվ եթե այդպես է, ապա պաշտոնական Երեւանը, վաղ թե ուշ, պետք է հրապարակի այդ կետերը, կամ դրանց ընդհանուր ուղղվածությունները:

Գրիգորյանն այս նորությունը հայտնեց այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ալիեւը հայտարարեց, թե Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է»: «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, ե՛ւ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինի միջազգային երթուղի»։

Մինչ պաշտոնական Երեւանը՝ Արմեն Գրիգորյանի մակարդակով պնդում էր, թե առաջարկած 6 կետերի հարցում «Բաքվում ըմբռնում կա», այս հայտարարությունից մի քանի օր անց պարզ դարձավ՝ Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկած 6 կետերը։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։ Խալաֆովը հավելել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։

Ըստ ամենայնի, Երեւան-Բաքու համաձայնությունների շրջանակում Դուշանբեում, մայիսի 13-ին, ԱՊՀ արտգործնախարարների համաժողովում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների միջեւ քննարկումները կծավալվեն Ադրբեջանի առաջարկած 5 կետերի շուրջ: Հավելենք, որ Դուշանբեի հանդիպման մասին հաղորդվեց Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկվել էին եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը՝ ներառյալ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը սկսելու եւ տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը։ Նշվել էր նաեւ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները մտքեր էին փոխանակել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031