«Մենք կորցրել ենք սերն իրար հանդեպ, վստահությունը արդարության հանդեպ, և այս օրհասական պահերին, երբ համատարած արժեզրկում է տիրում՝ սկսած մարդուց, վերջացրած հայրենիքի ու ազգային գաղափարների, մեզ անհրաժեշտ է միասնականությունը և կարևորելն այն արժեքները, որոնք ազգային են»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մշակութային գործիչների քննարկման ժամանակ ահազանգեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նախկին տնօրեն Արման Նավասարդյանը։
Նա, խոսելով Արցախի մասին, ասաց․ «Արցախն ինձ համար մեր ազգային արժանապատվությունն է։ Արցախցին իմ քույրն ու իմ եղբայրն է, մեզնից մեկը։ Առանց Արցախի չենք կարողանալու ապրել ոչ ՀՀ-ում, ոչ էլ օտար ափերում։ Ինչքան էլ փախչեն, գնան, բայց ծռված ողնաշարով, ամոթխած գետնին նայելով ապրելը ո՞րն է»։
Նա կոչ արեց սփյուռքի մեր հայրենակիցներին վերադառնալ Հայաստան։ Արման Նավասարդյանը վրդովվեց՝ չեն ամաչում, տարանջատում են՝ ղարաբաղցի, արցախցի։ Այնուհետև անկեղծացավ՝ կորցրել է երազելու հնարավորությունը, չի կարողանում տեսնել վաղվա օրը․ «Պետք է հասկանանք, որ այս կռիվը ոչ թե ներկաների, նախկինների կռիվ է, այլ ապագայի։ Մեր ապագան մշուշված է։ Ազգային արժեքների ոտնահարումը սրան էր հանգեցնելու։ Ինձ համար անակնկալ չի եղել, բա սա էր լինելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ