«Այս կրիտիկական իրավիճակում, երբ երկիրը, ժողովուրդը, պետությունը բախվել են նման աղետի, այն մտավորականները, որոնք չեն խոսում, չեն ընդվզում, ցույց են տալիս, թե ոչինչ տեղի չի ունեցել, հին հունական ձևակերպմամբ՝ բարոյական հանցագործներ են»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կողմից կազմակերպված մշակութային քննարկման խոսելով այս իրավիճակում մտավորականության դերի մասին` այսպիսի կարծիք հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա՝ լռություն, չեզոքություն պահպանող մտավորականները բարոյական հանցագործներ են․ «Այստեղ հավաքվել են ոչ հանցագործներ։ Լինելով տարբեր ոլորտներից՝ բոլորին միավորում է մեկ գաղափար, որ մեր սրբազան արժեքները բախվել են կորստի վտանգին։ Եթե լռենք, մենք մասն ենք դառնալու այդ ամենի»։ Ռուբեն Մելքոնյանը մտահոգված է՝ այսօր մարդիկ իրենց արածների համար պատասխան չեն տալիս, ընդհակառակը, դա ոչ միայն պարսավելի արարք է, այլև դարձել է տարածված ու ընդունելի։ Հարցին՝ ինչո՞ւ հասանք այս իրավիճակին, Ռուբեն Մելքոնյանն այսպես պատասխանեց․ «Մենք կորցրել ենք գաղափարը, կորցրել ենք արժեքը, պետականության համար կարևոր և սրբազան արժեքները բախվել են նման արժեքային վակուումին, հետևաբար պետականության համար այս օրհասական վիճակն էլ տագնապալի չէ շատերի համար։ ՀՀ-ն պիտի հառնի տգիտության ճահիճից ու ատելության ճահիճից։ Ատելությունը մեր պետականության երկրորդ սպառնալիքն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ