Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Ջաբրայան․ «Ես բերելու եմ սփյուռքի 10 միլիոն ժողովրդի օգնությունը, օրհնանքը` վերամիացնելու եմ սփյուռքը հայրենիքին»

Մայիս 11,2022 22:30

Դիմադրության շարժման՝ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքին ելույթ ունեցավ կանադահայ Հրաչ Ջաբրայանը,  որը նախկինում եղել է Կապանի ոսկու հանքավայրը շահագործող  «Դանդի փրիշս մեթալս Կապան»  (ընկերության 100% բաժնետոմսերը տարիներ առաջ վաճառվել է ռուսական ընկերությանը) ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։

«Ժողովուրդ, վհատվել, հուսահատվել, հոգնել չկա։ Մեր պայքարը տկարություն չի ճանաչում։Մեր պայքարի վերջնական պսակը հաղթանակն  է եւ այդ հաղթանակին հասնելու համար  մենք պայքարելու ենք այսօր, վաղը, մյուս օրը, եւ եթե պետք լինի՝ ամեն օր՝ մինչեւ հեռացնենք ոչ թե միայն Նիկոլին, այլ՝ նիկոլիզմը։ Երթի ժամանակ մեկը հարցրեց՝ էդ ոնց է լինում, որ  սփյուռքահայն այսքան հայրենասեր է։ Ժողովուրդ, սփյուռքահայը հայրենասեր է, որովհետեւ դուք ապրել եք այս սուրբ հողի վրա դարերով, եւ ինքը տանջանքով մնացել է դրսում, տենչել է ապրել ձեզ հետ։ Եւ դրա համար այսօր մենք՝ ես, կինս, երեք երեխաներս, բոլորը  ծնված Կանադայում վերադարձել ենք հայրենիք՝ ապրում ենք այստեղ, ապրելու ենք այստեղ եւ մեռնելու ենք այստեղ։ Ես եւ իմ ընկերները, Լիբանանից մինչեւ Ֆրանսիա, Հոլանդիայից մինչեւ Կանադա, ԱՄՆ-ից մինչեւ Լիբանան մենք պատրաստ ենք ոչ միայն ապրելու մեր հայրենիքի համար, մենք պատրաստ ենք մեռնելու մեր հայրենիքի համար եւ մենք դա փաստել ենք արցախյան ազատամարտի հաղթանակած պատերազմում, նաեւ այս վերջին պատերազմում։

Բայց մենք չենք մեռնելու, որովհետեւ մեզ չեն կարող սպանել, մենք ապրելու ենք այստեղ, մենք կերտելու ենք հայրենիք, որտեղ իմ տղան՝ Մոնթեն, մեծանալու է եւ կերտելու է Մոնթե Մելքոնյանի հայրենիքը։ Մենք նիկոլիզմը հեռացնելու ենք, միացնելու ենք ամբողջ ազգը, որ այսօր ժողովուրդ է, խոստանում եմ՝ մենք դարձնելու ենք ազգ։ Մենք հիմքերը դրել ենք արդեն։ Ես անձամբ խոստանում եմ՝ վերամիացնելու եմ սփյուռքը հայրենիքին , ես բերելու եմ սփյուռքի 10 միլիոն ժողովրդի օգնությունը, օրհնանքը՝ Հայաստան եւ Արցախ։ Ոչ մեկ մեզ չի կասեցնելու, որովհետեւ մենք հետնորդներն ենք Պետոյի, Թաթուլի, Շահենի, Մոնթեի, բոլոր մեր հերոսների»,-իր ելույթում ասաց Ջաբրայանը։

Նա դիմեց սփյուռքի մեր հայրենակիցներին, Խնդրեց՝, միանալ շարժմանը՝ որտեղ էլ, որ լինեն։

«Նիկոլ, դու պատիվ ես ունեցել ինձ հետ նկարվելու մի քանի անգամ, ես այդ շորերը գցել եմ աղբաման, որովհետեւ դու կպել ես այս շորերին (հանրահավաքի մասնակիցները ծափահարեցին Ն․Բ․), դու պատիվ ես ունեցել ինձ հյուրընկալելու Կանադայի վարչապետի հետ, որովհետեւ լսել ես՝ ներդրող եմ, հայրենասեր եմ, չգիտեմ՝ ինչ եմ։  Դու պատիվ ես ունեցել իմ ձեռքը սեղմելու։ Այդքանով բավարարվի, որովհետեւ հաջորդ անգամ, եթե հանդիպենք, դու լինելու ես ճաղերի հետեւում, ես լինելու եմ արդարության կողմը (այս հայտարարությունն էլ մարդկանց դուր եկավ, ողջունեցին, ծափահարեցին, Ն․Բ․)։ Եւ ուրեմն՝ բոլոր հայության անունից մաքրում ենք նիկոլիզմը Հայաստանից, Արցախից եւ ազատագրում ենք մեր հայրենիքը թրքացումից։ Կեցցե՛ արժանապատիվ հայը, մենք ապրելու ենք միասին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, որպես միասնական հայություն»։

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031