Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան. «Ես մոռացել եմ, որ նախագահ գոյություն ունի երկրում»

Մայիս 11,2022 21:55

«Հայկական օրակարգ. իրավիճակ եւ հանգուցալուծում» թեմայով այսօրվա քննարկմանը «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը  որպես ընդդիմադիր, երկրում տեղի ունեցող իրադարձությունների կենտրոնում է, փորձեց իրավիճակը գնահատել կողքից:

«Քաղաքականության մեջ գտնվող մարդկանց համար անչափ կարեւոր է գործընթացները դրսից տեսնել կարողանալը: Հավակնություն չունեմ ասելու, թե ընդդիմության գործողություններում թերություններ չկան: Բայց պետք է արձանագրեմ, որ վերջին 10 օրերի ընթացքում մարդիկ ավելի շատ են դուրս գալիս պայքարի, նույնիսկ աշխատանքի վայրից դուրս են գալիս եւ միանում մեր քայլերթին: Այսինքն, եթե կային մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց դուրս չէին գալիս փողոց, հիմա այս գործընթացի արդյունքում դուրս գալիս են: Մենք խնդիր ունենք, որպեսզի մյուս հատվածն էլ դուրս բերենք: Շատ կարեւոր է փորձագետների կարծիքը, որպեսզի հասկանանք, թե ինչ քայլեր պետք է անել մեր ցանկացածի առավելագույնին հասնելու համար: Խոսվում է, որ հարթակում պետք է ներկայացված լինեն մարդիկ, ովքեր համընդհանուր դրական են ընկալվում: Ցավոք, մեր հասարակությունն այնքան է սեւ ու սպիտակի բաժանված, որ դժվար է գտնել մի անհատի, որը բոլորի կողմից ընկալելի լինի: Եվ եթե մեր հայրենակիցներն ուշադիր հետեւում են եւ հանրահավաքներին եւ ընդհանուր գործընթացներին, մենք ավելի շատ հակված ենք նրան, որ հարթակում քիչ լինեն քաղաքական գործիչներ, բայց լինեն, օրինակ, ուսանողները, սփյուռքահայերը, արվեստի գործիչները:

Երբ քիչ առաջ միջնորդի մասին էր խոսվում եւ նախագահի անունն էր տրվում, ես վերջին օրերի ընթացքում առաջին անգամ եմ նախագահի անունը լսում: Իսկապես մոռացել եմ, որ նման մարդ գոյություն ունի երկրում: Նույնիսկ Բաղրամյան 26-ի կողքով անցնելիս հարկ էլ չենք համարում կանգնել եւ ինչ-որ բան ասել, որովհետեւ նա ՔՊ խմբակցության պատգամավորների հարթության վրա է:

Մեզ հաճախ ասում են՝ տվեք անուններ, որովհետեւ մեր հասարակությունը սիրում է դեմքով տեսնել: Բայց եկեք միայն դեմքերին ուշադրություն չդարձնենք, այլ հասկանանք, թե ինչ խնդիր է իր առջեւ դնում եւ ինչ խնդիր պիտի լուծի այս շարժումը: Իշխան Սաղաթելյանը հարթակից բավական հստակ հայտարարեց մեր անելիքները: Եթե մտածում ենք, թե ինչ է լինելու Նիկոլի հրաժարականից հետո, մենք հստակ ձեւակերպեցինք, որ ձեւավորվելու է պրոֆեսիոնալների անցումային կառավարություն, որի առջեւ դրված են լինելու հստակ խնդիրներ:

Նորից եմ ասում: Մարդկանց դեմքերն անչափ կարեւոր են վստահության տեսանկյունից, միեւնույն ժամանակ պակաս կարեւոր չէ, թե ինչ խնդիրներ են լուծելու այդ մարդիկ: Իսկ այդպիսիք քիչ չեն, որոնք կարող են փոփոխություններ բերել մեր երկրում: Իսկ Նիկոլ Փաշինյան անձի եւ նրա քաղաքական ուժի առկայությունը նշանակում է պերմանենտ ճգնաժամեր բոլոր ոլորտներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031