Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ն կնշանակվի ճանաչված լրագրող Նազելի Էլբակյանը։
Մեր այս տեղեկությունը չհերքեցին Գյումրու քաղաքապետարանում։
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն ասաց. « Համապատասխան գերատեսչություն պաշտոնի համար հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուց հետո ըստ ընթացակարգի՝ նոր կիրականացնենք գործընթացը»։
Նազելի Էլբակյանը երկար տարիներ աշխատել է «Ցայգ» հեռուստաընկերությունում, թղթակցել է «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Ա Թիվի» հեռուստաընկերություններին։
Կարդացեք նաև
Երեք տարուց ավելի աշխատում է պետական համակարգում․ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում աշխատել է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ, վերջին երկու տարում էլ աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարությունում, զբաղեցրել է լրատվության բաժնի պետի բաժնի պաշտոնը։
2019 թվականին երկու անգամ մասնակցել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությանը՝ ընդգրկվելով Հայկական մարդասիրական խմբի կազմում։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ն Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան եղբոր կինն էր՝ Անի Քոչարյանը, որը փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հանձնարարականով մարզի զբոսաշրջային ոլորտի պատասխանատուներից մեկի դեմ միջազգային կառույցին բողոք-նամակ հասցեագրելուց հետո դիմում տվեց ու հեռացավ աշխատանքից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ