Հայաստանը վավերացրել է «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կոնվենցիան և «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը։ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեին և ի պահ հանձնել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի և «Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության ՀՀ վավերագրերը։
Երկու պայմանագրերն էլ ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։ Ըստ ԵԽ-ի հաղորդագրության՝ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիան առաջին պարտադիր միջազգային իրավական փաստաթուղթն է, որը ճանաչում է պետական մարմինների կողմից տնօրինվող պաշտոնական փաստաթղթերին հասանելիության ընդհանուր իրավունքը: Պետական իշխանությունների թափանցիկությունը լավ կառավարման հիմնական հատկանիշն է և այն ցուցիչն է, թե արդյոք հասարակությունն իսկապես ժողովրդավարական և բազմակարծիք է։ Պաշտոնական փաստաթղթերին հասանելիության իրավունքը նույնպես էական նշանակություն ունի մարդկանց ինքնազարգացման և մարդու հիմնարար իրավունքների իրականացման համար: Այն նաև ամրապնդում է հանրային իշխանությունների լեգիտիմությունը հանրության աչքում և նրա վստահությունը նրանց հանդեպ»։
Կոնվենցիան սահմանում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության իրավունքը: Այս իրավունքի սահմանափակումները թույլատրվում են միայն որոշակի շահեր պաշտպանելու համար, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, պաշտպանությունը կամ գաղտնիությունը»։
«Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիայի լրացուցիչ (CETS No. 217) արձանագրությունը մի շարք գործողություններ է կատարում, այդ թվում՝ ահաբեկչության նպատակով ասոցիացիայի կամ խմբի մեջ մասնակցելը, ահաբեկչական ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտասահման մեկնելը: Այն սահմանում է, որ այդ նպատակով ճամփորդությունների ֆինանսավորումը կամ կազմակերպումը քրեական հանցագործություն է։ Արձանագրությունը նաև նախատեսում է 24-ժամյա ազգային կոնտակտային կետերի ցանց, որը հեշտացնում է տեղեկատվության արագ փոխանակումը:
Կարդացեք նաև
«Ահաբեկչության կանխարգելման մասին» ԵԽ կոնվենցիան (CETS No. 196) նպատակ ունի ուժեղացնել անդամ պետությունների ջանքերը՝ ուղղված ահաբեկչությունը կանխելու երկու տարբեր ձևերով.
-որպես քրեական հանցագործություն սահմանելով որոշակի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել ահաբեկչական հանցագործությունների կատարմանը, այն է՝ հանրային սադրանք, հավաքագրում և ուսուցում,
-ամրապնդելով կանխարգելման ոլորտում համագործակցությունը ինչպես ներքին (կանխարգելման ազգային քաղաքականություն), այնպես էլ միջազգային մակարդակով (հանձնման և փոխադարձ օգնության առկա պայմանավորվածությունների և լրացուցիչ միջոցների փոփոխություն):
Կոնվենցիան պարունակում է դրույթ ահաբեկչության զոհերի պաշտպանության և փոխհատուցման վերաբերյալ: Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ու հետագա ընթացքն ապահովելու համար նախատեսվում է խորհրդակցական գործընթաց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Եվրոպայի Խորհրդի