Այն բանից հետո, երբ Դիմադրության շարժման քայլերթի մասնակիցները շրջափակեցին Երեւանի քաղաքապետարանի բոլոր մուտքերը, Aravot.am-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց, թե արդյոք օրինակա՞ն է շենք շինությունների մուտքերն ու ելքերը փակելը:
«Մենք հիմա կիրառում ենք տասնամյակներով մշակված մեթոդներ, որոնք գոյություն ունեն եւ կիրառվել են աշխարհի տարբեր երկրներում: Հիշեք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն էր փողոցներ փակում, Դատարաններ շրջափակում ու շենքեր գրավում, ինչը միջազգային կառույցներն արձանագրել են որպես իշխանություն ձեւավորելու ժողովրդի ընտրած ճանապարհ, ժողովրդավարության դրսեւորում: Հետեւաբար, այսօր մենք հակաօրինական ոչինչ չենք անում: Եթե մեր գործողությունների մեջ այսպես կոչված միջազգային հանրությունը որեւէ հակաօրինական տարր տեսնում է, ստացվում է 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ձեւավորած իշխանությունը անօրինական է եղել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Կարդացեք նաև
Շատ կարեւոր է նշել, որ մենք չենք կրկնում 2018 թվականին իշխանությունը զավթելու ճանապարհին կատարվածները: Աստված չանի, որ կրկնենք: Մենք տղամարդկանց նկարներ դագաղների մեջ չենք դնում եւ ման տալիս, պատգամավորների հեռախոսահամարներ չենք տարածում, չենք ահաբեկում մանկահասակ երեխաներ ունեցող մարդկանց: Մեկ օրինակ բերեմ. մեր կանանց երթը, երբ շատ փոքրաթիվ ոստիկանների ուղեկցությամբ հազարավոր մայրերով ու աղջիկներով խաղաղ գնացինք կառավարական առանձնատան մոտ: Մենք որեւէ ավելորդ քայլի չենք դիմել: Ընդամենը ուղերձ ենք հղել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին, որեւէ քայլ չենք արել, որը կարող էր վախեցնել ամառանոցում գտնվող երեխաներին: Այ, հենց դրանով ենք մեր տարբերվում նրանից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ