«Այս է Փաշինյանը՝ այս տղերքի թիկունքում պահում է իշխանությունը։ Նա մերժված է եւ ՀՀ-ում, եւ սփյուռքում։ Նրա միակ հենարանը ոստիկանությունն է»,-Երեւանի կենտրոնում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մատնացույց անելով այն փաստը, որ կառավարության շենքը շրջափակված է ոստիկաններով, իսկ Հանրապետության հրապարակի տարածքում եւս մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
«Ով նրա հետ ինչ պայմանավորվածություն որ ունի, առ ոչինչ է, որովհետեւ նա իրավունք չունի ներկայացնելու ՀՀ-ն եւ հայ ժողովրդին։ Մեր ուղերձն այն է, որ նա այլեւս չունի լեգիտիմություն։ Նա այլեւս ոստիկանների թիկունքում թաքնված ինչ-որ մեկն է»,-հավելեց նա։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ ընդդիմությունն օրերս հրապարակեց անելիքների ծրագիրը, հարցեր առաջացան՝ ովքե՞ր են լինելու ժամանակավոր կառավարությունում, ինչպե՞ս են նրանք ընտրվելու։
«Օգտվելու ենք բոլոր կարող ուժերից։ Հանրությանը հայտնի կարող դեմքերի մասին է խոսքը։ Չի լինելու մեկ կուսակցության կամ անհատի կառավարություն։ Օգտվելու ենք ժողովրդի ողջ հնարավորությունից եւ ռեսուրսներից։ Այդ մարդիկ ձեր շուրջ են, շատ անուններ կան։ Հանրության կարծիքը հաշվի առնելով է լինելու։ Դա տեխնիկական հարց է։ Ժամանակավոր կառավարությունը պետք է ձեւավորվի նաեւ խորհրդարանի կողմից։ Հետո կլինեն ընտրություններ, եւ ժողովուրդը կձեւավորի այն իշխանությունը, որն ուզում է։ Հիմա կա համազգային պահանջ սրանց հեռացնելու։ Անուններ այս պահին չենք քննարկում։ Մեր խնդիրն այսօր անունները չեն։ Ազգային հավաքական պետք է ստեղծենք, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ