Լրահոս
Օրվա լրահոսը

Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան

Մայիս 11,2022 18:03

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է արևային կայան` ՀՀում Լիտվայի դեսպանության աջակցությամբ:

Շուրջ 20 ԿՎտ հզորությամբ կայանը կբավարարի ուսումնական հաստատության էներգետիկ պահանջարկը և դեռ հավելյալ օգուտներ կապահովի դպրոցի համար:

Կայանի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության, մարզպետարանի, ինչպես նաև  «Solet Technics» և «OHM ENERGY» ընկերությունների  ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն արևային կայանի բացման առիթով շնորհավորել է դպրոցի աշակերտներին, մանկավարժներին և ընդգծել, որ դպրոցում էներգախնայող սարքավորումների տեղադրումն ապագային միտված քայլ է:

«Արևային կայանի գաղափարը կարևոր քայլ է հատկապես էկոլոգիական կրթության և կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ: Կլիմայի վերափոխման, գլոբալ տաքացման պայմաններում էկոլոգիական կրթության զարգացումն առաջնային խնդիր է: Արևային կայանի տեղադրումն այս դպրոցի երեխաների համար շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ խորհելու լրացուցիչ առիթ կհանդիսանա: Միաժամանակ արևային կայանը խորհրդանշական է հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների համար՝ որպես օրեցօր ամրապնդվող համագործակցության առհավատչյա»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել ինչպես կրթության, այնպես էլ մշակույթի և երիտասարդության ասպարեզներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն էլ փաստել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Լիտվայի կառավարության աջակցությամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացվում են կանաչ տնտեսության զարգացմանը միտված ծրագրեր:

«Այն գումարները, որոնք կտնտեսվեն էներգետիկ ծախսերի կրճատման շնորհիվ, կարող են ներդրվել նորարարության նախագծերի իրականացման նպատակով: Արևային կայաններն առաջին հերթին օգտակար են շրջակա միջավայրի պահպանության համար: Կանաչ տնտեսության զարգացումը հեղափոխական ալիք է, որը մեզ մոտ` Լիտվայում, վաղուց է սկսվել: Մենք այս ասպարեզում որոշակի արդյունքի արդեն հասել ենք: Քանի որ Հայաստանն արևային ջերմ երկիր է, վստահաբար կարող ենք ասել` արևային  էներգետիկան հենց ձեր երկրի համար է և կարող է նպաստել էներգետիկ անվտանգության բարձրացմանը»,- նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Լիտվայի դեսպանին և շեշտել, որ մարզի համար լիտվական փորձի տեղայնացումը կարևոր նշանակություն ունի:

«Պատրաստ ենք քննարկել և իրականացնել համատեղ այլ ծրագրեր` տարբեր ուղղություններով: Հատկապես այլընտրանքային էներգետիկայի կիրառումը մեզ համար առաջնային կարևորություն ունի, քանի որ այն նպաստում է բնապահպանական վիճակի բարելավմանը, ինչը մեր գերակա խնդիրներից է»,- շեշտել է մարզպետը:

Նշենք, որ Լիտվայի դեսպանատան աջակցությամբ այս տարի տեղադրվում են 8 արևային կայաններ ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում, նախակրթարաններում և երիտասարդական կենտրոններում:

Գալիք տարի դեսպանատան աջակցությամբ տեղադրվելիք արևային կայանների թիվը կհասնի 19-ի: Կայանի տեղադրման հիմնական ֆինանսավորումն իրականացնում է լիտվական կողմը, հայկական կողմն ապահովում է համաֆինանսավորում 15-20 տոկոսի չափով:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրված արևային կայանի ծրագրի արժեքը շուրջ 32 հազար եվրո է: Դպրոցի տնօրեն Միլենա Օսեպյանի տեղեկացմամբ` տարեկան կտրվածքով գազի և էլեկտրականության համար դպրոցը ծախսում է մոտ 1,5 մլն դրամ: Դպրոցը մինչ այժմ ջեռուցվել է գազի վառարաններով, ջեռուցվել են միայն դասասենյակները:

Կայանը տեղադրած «OHM ENERGY» ընկերության կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախնազարյանը վստահեցնում է, որ արևային կայանի արտադրական թողունակությունը դպրոցում էլեկտրական վառարաններով ջեռուցման անցնելու հնարավորություն կտա` հրաժարվելով գազի վառարաններից:

Հավելենք, որ Շողակաթ համայնքի միջնակարգ դպրոցում սովորում է 86 երեխա` ներառյալ նախակրթարանի սաները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031