Ֆրանսիայի հրապարակից այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները երթ են իրականացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ 17:30-ի դրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ արեց մի քանի րոպեով շրջափակել Երեւանի քաղաքապետարանի բոլոր մուտքերը։
Ցուցարարները հետեւեցին կոչին։ Մուտքերից մեկի մոտ երեք-երկու շարքով կարմիր բերետավորներ էին կանգնած, որոնք քաղաքացիների հոսքի հետեւանքով հրվեցին դեպի քաղաքապետարանի դռները։
Կարդացեք նաև
Րոպեներ շարունակ սաստիկ հրմշտոց էր։ Կարմիր բերետավորներն արդյունքում հրելով ցուցարարների շարքերը հետ տարան։ Ցուցարարների եւ նրանց միջեւ հրմշտոց սկսվեց։ Կադրերում երեւաց, որ կարմիր բերետավորներից մեկն ագրեսիվ վարք դրսեւորեց դռների մոտ կանգնած տարեց կնոջ հանդեպ, ինչից հետո ցուցարարներից մեկը ջուր լցրեց ոստիկանների վրա։ Ոստիկաններից մեկը ցուցարարների շպրտած պլաստիկե շիշը հետ շպրտեց։ Ցուցարարներից երկու տղամարդու եւ կարմիր բերետավորների միջեւ հրմշտոց եղավ։
«Նիկոլ՝ դավաճան», «Ոստիկանը Նիկոլ չի»,-վանկարկում էին ցուցարարները։ «Քաղաքապետարանը դարձել է ՔՊ-ի դուքյանը, որտեղ քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են։ Հայտարարել ենք, որ շրջափակելու ենք պետական հիմնարկներն ու թույլ չենք տալու աշխատեն։ Մեր խնդիրը շենք մտնելը չի, այլ արգելափակելը։ Փակելու ենք այնքան, որքան կուզենանք եւ որը որ կուզենանք»,-բարձրախոսով հայտարարեց Իշխան Սաղաթելյանը եւ ցուցարարներին կոչ արեց շրջափակած պահել մուտքերը։
18:00-ի դրությամբ հրմշտոցը դադարել է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ