Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշակերտական/ուսանողական ընկերությունները մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են ընձեռում, և սովորողը հստակ հասկանում է՝ ինչ է նշանակում աշխատել և զբաղվել որևէ մասնագիտությամբ».  Ժաննա Անդրեասյան

Մայիս 11,2022 17:40

«Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովն այսօր մեկտեղել էր ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին:

Միջոցառումը կազմակերպել էին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ գերմանական «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որը շրջել է ուսումնական հաստատությունների տաղավարներով, որոնցում ներկայացված էին աշակերտական/ուսանողական ընկերությունների աշխատանքները:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին տարիներ շարունակ իրականացված մեծ աշխատանքի և արձանագրված արդյունքների համար. «Աշակերտական/ուսանողական ընկերությունները ծառայում են մի քանի նպատակի. դրանք մասնագիտական կողմնորոշման հնարավորություն են ընձեռում, և սովորողը հստակ հասկանում է՝ ինչ է նշանակում աշխատել և զբաղվել որևէ մասնագիտությամբ: Սա էլ իր հերթին նպաստում է այն բազիսային հմտությունների ձևավորմանը, որոնք ցանկացած մասնագիտության պարագայում անհրաժեշտ են»:

Հաջորդ կարևոր հմտությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, այս ընկերությունների՝ սովորողներին ինքնուրույն մտածելու, որոշակի գործունեություն կազմակերպելու և արդյունքի հասնելու հնարավորության ընձեռելն է: Նրա հավաստմամբ՝ այդ արդյունքն այն հանրօգուտ ու պահանջված աշխատանքն է, որն ուղղված է որևէ խնդրի լուծմանը և նպաստում է մեր հասարակության զարգացմանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ համագործակցությունը կայանում է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածությամբ. «Այս գործում մեծ է ԿԳՄՍ նախարարության անելիքը, այն է՝ այս կարևոր փորձառությունը բերել ինստիտուցիոնալ դաշտ և ստեղծել համակարգի գործունեության բնականոն պայմաններ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի օրենսդրական դաշտը և քաղաքականությունը լինեն նպաստավոր նման ընկերությունների գործունեության համար»:

Նրա խոսքով՝ ներկայում քննարկվում է «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» նոր օրենքի նախագիծը, որում վստահաբար կգտնվեն արդյունավետ ձևեր՝ վերոնշյալ փորձառությունն օրենսդրական առումով խթանելու համար:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամին՝ տարբեր ծրագրերի շրջանակում կայուն ու շարունակական համագործակցության համար, որոնք նպաստել են ոլորտի զարգացմանը. «Կարևորում եմ, որ այսօր համատեղ ներկայացված են ՄԿՈՒ հաստատությունները և դպրոցները. մենք կհաջողենք միայն այն պարագայում, երբ կրթության դաշտը դիտարկենք իբրև մեկ ընդհանուր տարածք: Վստահ եմ, որ այստեղ ներկա աշակերտներն արդեն պատկերացնում են իրենց կրթության շարունակականությունը, որի մեջ ՄԿՈՒ հաստատություններն իրենց կայուն տեղն են ունենալու»:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախագահ Մարինե Ժամկոչյանը և «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը՝ անդրադառնալով մասնագիտական կողմնորոշման, ՄԿՈՒ-մասնավոր հատված համագործակցության, որակյալ կադրերի ապահովման և այլ հարցերի:

Համաժողովին ներկայացվել են գերմանական հաջողված փորձի վրա հիմնված աշակերտական/ուսանողական ընկերության հիմնադրման և տեղայնացման գործընթացները, գերմանական «Դպրոց-Տնտեսություն» ձևաչափով իրականացված մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները և այլն:

Նշվել է, որ աշակերտական/ուսանողական ընկերությունները հանդիսանում են ծրագրով իրականացվող բազմաթիվ մոդելների համախմբում, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տնտեսության և բիզնեսի իրական ընթացքին, սեփական փորձով մասնակից լինելու տնտեսական գործընթացների զարգացմանը։ Ընկերությունների ուսանողները կրթական հաստատություններում ապահով և իրական պայմաններում ձեռք են բերում համապատասխան փորձառություն:

Համաժողովին ներկայացվել է նաև ծրագրի գործունեության մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ սոցիալական երկխոսությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումները՝ որպես ՄԿՈՒ կրթության հիմնարար և առաջնային քայլ, որոնք նպաստում են ոչ միայն աշխատաշուկայի պահանջների բավարարմանը, այլև որակյալ կադրերի պատրաստմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031