Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկերնե՛ր, կամաց-կամաց մոտենում ենք Գյումրու միկրոավտոբուսները շահագործման հանձնելուն»․ Լենա Ջիլավյան

Մայիս 11,2022 17:20

Գյումրու թվով  66 նոր միկրոավտոբուսները, որոնք ձեռք են բերվել սուբվենցիոն ծրագրով՝ քաղաքապետարանի և կառավարության համատեղ ֆինանսավորմամբ և գրեթե մեկ տարի շարված են «Սև Բերդ» ամրոցի տարածքում, շուտով կշահագործվեն։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղեկացմամբ` դրանք կշահագործվեն մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Թեման այսօր քննարկվեց Գյումրու ավագանու նիստի ժամանակ, երբ ներկայացվեց օրակարգի հարցերից մեկը, այն է՝ «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հասարակական տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով մետաղադրամ ընդունող սարքերի և տեսախցիկների ձեռքբերման համար դրամական միջոցներ հատկացնելու մասին»։

Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ այս նպատակի համար նախատեսել են 16 միլիոն 285 հազար դրամ։

«Միկրոավտոբուսները ձեռք բերելուց հետո բյուջեից ձևակերպումների, ԱՊՊԱ-ի, մնացած ծախսերի համար ամբողջն արել ենք, այս պահին մնացել է արդեն վերջնական ծախսերն անելու․ ձեռք ենք բերում մետաղադրամն ընդունող սարքեր և տեսախցիկներ։ Բոլոր միկրոավտոբուսների համար նախատեսված է 16 միլիոն 285 հազար դրամ։ Իհարկե, սա շուկայական հաշվարկն է, մրցույթ կկայանա, կտեսնենք ինչքան կծախսենք։ Ամեն դեպքում էս պահին մենք ունենք բյուջեում գումար»,-մանրամասնեց Լենա Ջիլավյանը։

«Զարթոնք» խմբակցության անդամ Գոռ Մանուկյանը հետաքրքրվեց, թե, ի վերջո, ե՞րբ շահագործման կհանձնվեն նոր միկրոավտոբուսները, տրանսպորտային նոր ցանցը, կա՞ հստակ ժամանակ։ «Ե՞րբ են սպասված տրասնպորտային միջոցները շահագործվելու, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ լսում, լսում են, եղավ մի տարի՝ լսում են: Օր, ամիս, ժամկետ, կարո՞ղ եք ֆիքսել»,- հարցրեց ավագանու անդամը։

Գյումրու քաղաքապետի պարզաբանմամբ՝ ժամկետը նախատեսված է եղել  հնարավորինս շուտ, բայց եղանակային պայմանները, խստաշունչ ձմեռը թույլ  չեն տվել աշխատանքները ժամանակին իրականացնելու։ «Դրսի աշխատանքները, որ կատարվեին, բետոնը չէր չորանալու։ Ավտոպարկի կառուցելու խնդիրը կա, դրա համար ձգձգվում է։ Մենք նախատեսել ենք մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ գոնե կարողանանք մեր տրանսպորտը շահագործել։ Մեր համար էլ  կարևոր է,  որ շուտ սկսեինք, որպեսզի կարողանայինք մեր ազգաբնակչության խնդիրը լուծեինք, բայց նախատեսված է այդ ժամանակահատվածում, հիմա այդ սարքերն էլ  կտեղադրվեն»,- ասաց քաղաքապետը։

«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը հետաքրքրվեց, թե կա՞ն ավտոլվացման սարքավորումներ։ Ըստ նրա՝ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն, մասնավոր անձինք պայմանավորվածություն են ձեռք բերում, որ իրենք տրանսպորտային միջոցները լվան։ Քաղաքապետն ասաց, որ կոմունալ  ծառայությունն ունի երկու ավտոլվացման սարքավորում, և որ այդ հարցը լուծված է։ «Թող բարով խերով ավտոները քշվեն ու կեղտոտվեն, լվալու հարցը հեշտ կլինի»,-նշեց Լենա Ջիլավյանը։

Հիշեցնենք, որ ըստ Գյումրու քաղաքային իշխանության, 66 նոր միկրոավտոբուսները բավարար չեն քաղաքի ողջ երթուղին սպասարկելու համար, անհրաժեշտ են 80-ից ավելի միկրոավտոբուսներ։

Գյումրու երթուղային ցանցի գծագրման աշխատանքներն ավարտված են, քաղաքը կունենա 7-8 երթուղի։ Տրանսպորտային  ցանցի ու միջոցների  նորացմանը համընթաց՝ նորացնում են նաև քաղաքի կանգառները, որոնք դեռ երեք տարի առաջ հանձնվել են մասնավոր ընկերության։ Գյումրիում արդեն իսկ ստեղծվել է «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը, որը և պիտի շահագործի տրանսպորտային միջոցները, գծատերեր այլևս չեն լինի։

Այս պահին վերակառուցվում է Գյումրու ավտոբուսային պարկը, որը գտնվում է Ղանդիլյան փողոցում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031