Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչքարը հայ մշակույթի գլուխգործոցն ու խորհրդանիշն է, նրա էությունը և իր մեջ ունի խաղաղության պատգամ՝ փորագրված դարերի ընթացքում անձեռնմխելի մնացող քարի մեջ. Հաագայում՝ Խաղաղության պալատում բացվել է հայկական խաչքար

Մայիս 11,2022 16:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները:

Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

««Քարնեգի» հիմնադրամի հարգելի նախագահ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր, այս գեղեցիկ առավոտը մեզ հետ եք խաղաղության և արդարության քաղաքում, Խաղաղության պալատի տարածքում՝ Խաղաղության տաճարում, ինչպես ասել է Էնդրյու Քարնեգին ավելի քան 100 տարի առաջ, և որտեղ գտնվում է այնպիսի կարևոր միջազգային հաստատություն, ինչպիսին  Արդարադատության միջազգային դատարանն է։

Ինձ համար մեծ պատիվ է իմ ազգի անունից կատարել հայկական խաչքարի բացումը՝ որպես նվեր Հայաստանից։

Սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ հայկական խաչը կանգնեցվում է մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք։

Կան ավելի քան 50000 խաչքարեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունը: Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը 2010 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Խաչքարը հայ մշակույթի զարգացման յուրօրինակ դրսևորում է. այն հայկական ինքնության ամենատիպիկ խորհրդանիշներից է։ Ունենալով ավելի քան հազարամյա պատմություն՝ խաչքարը նաև ժամանակակից մշակութային երևույթ է:

Սիրելի բարեկամներ,

Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը։

Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում, թե այլուր։

Խաչքարը հայ մշակույթի գլուխգործոցն ու խորհրդանիշն է, նրա էությունը և իր մեջ ունի խաղաղության պատգամ՝ փորագրված դարերի ընթացքում անձեռնմխելի մնացող քարի մեջ։ Ահա թե ինչու խաչքարն է ընտրվել որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու հայերի այն սերունդներին, ովքեր ներդրում են ունեցել աշխարհում խաղաղության հաստատմանը։

Այս նվիրատվությունով Հայաստանը համարձակորեն վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:

Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները շնորհակալություն է հայտնել Խաղաղության պալատին հայկական խաչքար նվիրելու համար և վստահություն հայտնել, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի վերջինիս տարածքում:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031