«Բազմիցս չարչրկված վիրավորանքի ամենամոդայիկ հոդվածով հարուցված քրեական գործ է, որն ունի հետաքրքիր առանձնահատկություններ, որովհետև, բացի խոսքի ազատությունից, այստեղ ստեղծագործելու ազատության բաղադրատարր կա»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սոնա Աղեկյանի դեմ հարուցված քրեական գործին, ասաց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Ա. Գաբրիելյանի նախագահությամբ այսօր այս գործով դատական նիստը հետաձգվեց՝ Ռուբեն Մելիքյանին՝ գործին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու հիմնավորմամբ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 21-ին, քանի որ դատավորը լինելու է արձակուրդում:
Նշենք, որ Սոնա Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Սոնա Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջերում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը, որի ներքո ներկայացրել է մի բանաստեղծություն: Ըստ մեղադրանքի՝ նա «այդ կերպ դիտավորությամբ տարածել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արժանապատվությանը ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք պարունակող նյութ»:
Այս առիթով Ռուբեն Մելիքյանն ասաց. «Փաստորեն մեր իրավապահները, չգիտես ինչու, որակել են, որ Նիկոլ Փաշինյանի համար ծանր վիրավորական է և քրեական գործ են հարուցել: Ամբողջ բանաստեղծությունը, ոչ թե առանձին ձևակերպումներ, ես հրապարակել եմ հանրությանն իրազեկելու համար, որ նման բանի համար ծանր վիրավորանքի հոդված է դրվել: Հուսով եմ՝ կիրազեկեմ նաև այսպես կոչված իրավապաշտպան կառույցներին, նաև համապատասխան դեսպանատների ներկայացուցիչներին, թե իրենց հովանու ներքո ինչպիսի ժողովրդավարության բարձունքներ է գրավում ՀՀ-ն, որ ստեղծագործության համար մարդու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ կարծում եք՝ այդ բանաստեղծության մեջ վիրավորական բառեր չկա՞ն, իրավապաշտպանը պատասխանեց. «Որոշակի վերլուծություն եմ իրականացնելու, ուղղակի վիրավորական արտահայտություններ կարող էին և լինել, բայց վիրավորական արտահայտություններ կան շատ ստեղծագործությունների մեջ դրանք ստեղծագործության ազատության, ստեղծագործական պատկերավորման միջոցներ են, ստեղծագործական ոլորտում նման բաներ լիովին թույլատրելի են: Կար մի հրատարակչություն, որ Արգելված գրքեր շարք ուներ: Հուսով եմ՝ մի օր մենք նաև Արգելված գրքեր շարքում արգելված բանաստեղծություններ կունենանք: Խոսքը Նիկոլի Փաշինյանի՝ բավական քաղաքակիրթ բառապաշար պարունակող գրի հրատարակչի մասին է»: Մեր դիտարկմանը՝ գուցե ընդդիմախոսները պատճառաբանեն, որ Սոնա Աղեկյանը բանաստեղծ չէ, Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Բանաստեղծ լինելը պաշտոնական կարգավիճակ չէ: Ցանկացած ոք կարող է ստեղծագործել, և որևէ մեկը նման առանձնաշնորհություն չունի, որ ասենք, թե այս մեկն ունի ստեղծագործելու իրավունք, մյուսը՝ ոչ: Յուրաքանչյուր մարդ ունի ստեղծագործելու ունակություն և իրավունք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից