Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունը՝ անմահություն. ԵՊՀ շրջանավարտի՝ պատերազմում հերոսացած Հրայր Եգանյանի սխրանքը՝ հայրենասիրության օրինակ

Մայիս 11,2022 14:09

Երևանում օրերս հանդիսավորությամբ բացվեցին ԵՊՀ շրջանավարտ, 44-օրյա պատերազմում հերոսացած Հրայր Եգանյանի անմահության խորհրդանիշները՝ նրա անվան պուրակը, հուշաքարն ու հուշաղբյուրը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Հրայր Արմենի Եգանյանը ծնվել է 1990 թ. Երևանում։ 2006-2010 թթ․ ուսանել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2018 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Պատերազմի ընթացքում ծնված ու պատերազմում զոհված Հրայրը, մտերիմների խոսքով, կյանքի բոլոր խոչընդոտները հաջողությամբ էր հաղթահարում, չէր ընկճվում ու վստահ քայլերով գնում էր իր երազանքների ու նպատակների ետևից։

Հ․Եգանյանը բազմակողմանի զարգացած էր. երիտասարդ կյանքի ընթացքում հասցրել էր հաճախել ֆուտբոլի, սովորել երաժշտական դպրոցում, մասնակցել մի շարք դասընթացների, պրակտիկա անցել ու աշխատել տարբեր կազմակերպություններում։

2020 թ․ սեպտեմբերի 30-ին կամավորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը՝ որպես ջոկի հրամանատար, հոկտեմբերի 15-ին՝ տեղափոխվել Մեխակավան։ Նա վերջին անգամ զանգել է հենց այդ օրը։

Հրայրն ընկել է քաջաբար՝ չլքելով մարտական դիրքը։ Մարտի 25-ին Հրայրը կդառնար 32 տարեկան։

ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ Հրայր Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Տիգրան Մեծի 40բ հասցեում Հրայրի անունը հավերժացնող պուրակի, հուշաքարի ու հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Հրայրը պատերազմը սկսելուց մեկուկես ամիս առաջ էր ամուսնացել, ռազմաճակատ մեկնելիս էլ գիտեր, որ երեխա են ունենալու, և հենց իր տղան՝ Նարեկն էր, որ իր հորեղբոր հետ միասին ՀՀ օրհներգի ներքո բարձրացրեց հայոց եռագույնը, որը պիտի ծածանվի ու հավերժացնի հայրիկի անունը։

Նարեկի ձեռքով բացվեց հուշաքարը, որը հայրենասիրության ու արիության օրինակ է դառնալու եկող սերունդների համար։

Ի նշան խաղաղության՝ Հրայրի մայրն էլ աղավնիներ բաց թողեց դեպի երկինք, որ մեր երկրի բոլոր լուսաբացները խաղաղ լինեն։

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031