Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ հայկական կողմի ներկայացրած հինգ առաջարկներն այնքան էլ առաջարկներ չեն:
«Թերևս բոլորը տեսան հայկական կողմի նշված փաստաթուղթը, քանի որ նրանք դա տարածեցին: Սակայն նայելով փաստաթղթին՝ չի կարելի ասել, որ դրանք առաջարկներ են: Երբ որ ներկայացվում էր փաստաթուղթը, հայկական կողմը դա ներկայացնում էր որպես արձագանք Ադրբեջանի առաջարկներին»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ այդ 6 կետերի մեջ կար հարց. «Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացնել իր բազային սկզբունքները մարտի սկզբին, երբ այն թվագրվում էր փետրվարի 21-ին»: «Մենք հայտարարել ենք, որ առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով: Այդ պատճառով ճիշտ կլիներ, եթե այդ հարցը ուղղված լիներ նրանց: Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը տարածքային հավակնություն չունի Ադրբեջանի նկատմամբ և դեռ 1992թ. լինելով ԱՊՀ անդամ, Ադրբեջանը և Հայաստանը փոխադարձաբար ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Որոշ առումով` դա Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի կրկնությունն է»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ առաջարկներից մեկն անդրադառնում է ստորագրված եռակողմ համաձայնագրերի պահպանմանը: «Հաջորդ կետը վերաբերում է նրան, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների, և այդ բանակցությունների կազմակերպման համար դիմում է Մինսկի խմբի համանախագահներին: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուկրաինական իրադարձությունների ֆոնին որևէ կապ չկա Մինսկի խմբի համանախագահների միջև: Կարելի է ասել, այդ խումբը կաթվածահար է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ