Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուզում են, որ համակիրները շատանան…

Մայիս 11,2022 10:00

Հայաստանյան համացանցը ողողված է նյութերով, որոնց իմաստը ատելությունն ու բռնությունն է: Ոստիկանությունը խիստ անհամաչափ գործողություններ է կիրառում ցուցարարների եւ լրագրողների (նաեւ՝ «Առավոտի») հանդեպ, ցուցարարները երբեմն հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն են իրականացնում իրենց հետ չհամաձայնողների դեմ, իշխանության կողմնակիցները մասամբ ինքնաբուխ, մասամբ նաեւ կազմակերպված ձեւով, փորձում են սրել իրավիճակը փողոցում: Կողմերը չեն ընդունում իրենց սեփական արատները եւ աղաղակում են դիմացինի արատների մասին՝ նրանց նպատակը ոչ թե հասարակական անդորրն է եւ համերաշխությունը, այլ տեղեկատվական պատերազմը՝ թե ով ում է «հաղթելու», ով ում առավել համոզիչ ձեւով է հրեշ ներկայացնելու՝ իր համակիրներին հրեշտակների թեւեր կպցնելով:

Իշխանությունն ունի բազմաթիվ վարչական եւ ուժային լծակներ՝ ընդդիմության բողոքը ճնշելու, ինչպես նաեւ սադրանքներ կազմակերպելու համար: Ընդդիմության լծակները, հասկանալի պատճառներով, ավելի սահմանափակ են: Առայժմ ցույցերի կազմակերպիչները չեն կարողանում համախմբել բոլոր այն քաղաքացիներին, որոնք տեսնում են, թե ինչ վտանգ է կախված Արցախի եւ Հայաստանի գլխին: Ենթադրում եմ, որ կան հազարավոր հայաստանցիներ, որոնք գիտակցում են այդ վտանգը, նույնիսկ հասկանում են, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին ներկայիս իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունք է, եւ այդքանով հանդերձ այդ քաղաքացիները չեն միանում փողոցային ցույցերին:

Ի՞նչ է պետք անել, որ ցուցարարների համակիրների շարքերը ստվարանան (միանգամից ասեմ, որ ես նման ցանկություն չունեմ, պարզապես վերլուծում եմ իրավիճակը): Նախ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է հրապարակավ հայտարարեն, որ այլեւս երբեք չեն զբաղեցնի որեւէ պաշտոն, որեւէ դիրք գործադիր եւ օրենսդիր իշխանությունում: Այնուհետեւ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլ ընդդիմադիր կուսակցությունները պետք է ընդունեն, որ մինչեւ 2018 թվականը ստեղծվել էր այնպիսի համակարգ, որը ստորացնում էր մարդկանց, մասնավորապես՝ հարկային, մաքսային եւ այլ պետական մարմինները պարզապես խեղդում էին մանր ու միջին բիզնեսով զբաղվող մեր քաղաքացիներին, պիտի դատապարտեն այդ համակարգը եւ ինչ-որ ձեւով համոզեն մարդկանց, որ այդ համակարգին վերադարձ չի լինելու: Նրանք պետք է դատապարտեն ցուցարարների կողմից իրականացվող ցանկացած բռնություն, կոչ անեն իրավապահներին՝ խստորեն պատժել նման բռնություն իրականացնողներին: Կարծում եմ, նրանք պետք է նաեւ հրաժարվեն իրենց ընդդիմախոսներին «թուրք» անվանելուց:

Վերջերս ցուցարարներից մեկը հայտարարել էր, որ Շիրակի եւ Արարատի բնակիչների կեսը թուրք է: Դա ոչ միայն վիրավորական է այդ բնակիչների համար, այլեւ վանում է ընդդիմությունից բոլոր մտածող մարդկանց: Կամ գուցե մտածող մարդիկ նրանց պե՞տք չեն: Այդ դեպքում ներկա պոպուլիստական իշխանությունից ոչնչով չեն տարբերվում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Իսկ ինչու ցանկություն չունեք, կրնա՞ք պարզաբանել. պահ մը ենթադրենք որ դիմադրության շարժումը հետեւի ձեր (խոհեմ) առաջարկներուն. եթէ “գիտակցում են այդ վտանգը, նույնիսկ հասկանում են, որ ստեղծված իրավիճակն առաջին հերթին ներկայիս իշխանության ապաշնորհ քաղաքականության արդյունք է”, ինչպէ՞ս, ինչպէ՞ս կրնաք ցանկություն չունենալ.

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Փորձեմ ես էլ պարզապես վերլուծել այս խմբագրականը: Միանգամից ասեմ, որ լուրջ խնդիրներ կան տարրական տրամաբանության հետ: Եթե ցուցարարների շարքերի ստվարացման ցանկություն չկա, ապա հեղինակի համար այդ ընդդիմությանը ակնհայտորեն վատ երեւույթ է: Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խորհուրդներ տալը այդ «անհանդուրժող» եւ «բռնություն իրականացնող» լաոներին: Ենթադրենք՝ այդ «խորհուրդները» հույժ գործնական ու օգտավետ են, եւ դրանց շնորհիվ լաոների շարքերը ստվարացել են: Բայց չէ՞ որ սա հակասում է հեղինակի սկզբում արդեն հայտարարած ցանկությանը: Հետեւաբար (զուտ տրամաբանության առումով)՝ կամ այդ «խորհուրդները» շարքերի ստվարացման համար չեն տրվում, կամ էլ հեղինակի սկզբնական ցանկությունն է խնդրահարույց…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “պետք է հրապարակավ հայտարարեն, որ…
    պետք է ընդունեն, որ…
    պիտի դատապարտեն…
    պետք է հրաժարվեն…”

    Միգուցե եւ պետք է, բայց դեռեւս պարզ չի, թե ինչի համար է պետք՝ ցուցարարների շարքերը ստվարացնելու, թե նոսրացնելու: Ինչ որ բան ինձ հուշում է, որ այնուամենայնիվ՝ նոսրացնելու: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ զարթնած լաոները որքան դա հնարավոր է՝ արդեն հրապարակավ հայտարարել են, ընդունել են, դատապարտել են…

    Հրաժարվելու պահով միայն մի փոքր թյուրիմացություն կա, որն էլ անխնա շահարկում է նիկոլական քարոզչությունը: Թե բա՝ տեսեք, հասեք, փրկեցեք՝ մեզ «թուրք» են ասում: Ձեւացնում են, թե չեն հասկանում, թե ինչի մասին է այստեղ խոսքը: Իհարկե՝ իրենք «թուրք» են, բայց ոչ թե ազգագրական (էթնիկ) իմաստով, այլ զուտ քաղաքական: Սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը՝ ուրեմն «թուրք» են, հայկական տեղանունները թուրքականով են փոխարինում, ուրեմն «թուրք» են, քարոզում են եղբայրություն հայերի վիզը կտրելու եկած մարդասապանների հետ, ուրեմն «թուրք» են, նվիրում են թուրքերին բնիկ հայկական հողերը, ուրեմն «թուրք» են: Ի՞նչ կա այստեղ չհասկանալու, մեծարգո նիկոլական էֆենդիներ. ոչ ոք չի ժխտում, որ դուք ծագումով հայ եք, հայկական անուն-ազգանուն ունեք եւ հայկական հողի վրա եք ապրում, բայց դրա հետ միասին դուք իրոք «թուրք» եք, եւ այստեղ ոչ մի վիրավորական բան չկա, սա պարզագույն քաղաքական փաստի արձանագրում է, եւ ուրիշ ոչինչ…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Կամ գուցե մտածող մարդիկ նրանց պե՞տք չեն:

    Զիլ «մտածող» մարդիկ ունենք՝ աշխարհը չունի: Չորս տարի է արդեն անցել թուրքական թավշյա ոչ-բռնի հեղաշրջումից հետո՝ էդ մարդիկ դեռ «մտածում» են: Մի թրքահպատակ հողատու երկիրը կանգնեցրել է անդունդի եզրին՝ «մտածում» են, դուրս գա՞ն փողոց՝ օր առաջ ազատվելու այդ պատուհասից, թե՞ շարունակեն «մտածել»: Այս «մտածողները» ոչնչով չեն տարբերվում այն թրքահպատակ կնոջից, որը հանգիստ, օրը ցերեկով, Երեւանի կենտրոնում, խրոխտ կեցվածքով հայտարարում էր, թե ավելի լավ է թուրքը իր թոռներին իր աչքի առաջ մորթի, քան թե նախկինները գան իշխանության…

  5. Հայ մարդ says:

    Չնայած այն հանգամանքին, որ Տեր-Պետրոսյանը տարիքային առումով արդեն քիչ շանսեր ունի իշխանության գալու համար, միևնույնն է, նա նույնպես պարտավոր է հայտարարել առաջիկայում երկրի ղեկավար որևէ պաշտոնի հավակնելուց հրաժարվելու մասին: Այսպիսով, երկրի գործադիր և օրենսդիր մարմիններում ղեկավար պաշտոն այսուհետ չզբաղեցնելու մասին Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի կողմից խոստանալու դեպքում, այդ հայտարարությունը ներկայիս հակաիշխանական շարժման համար վերբեռնման (ռեստարտի) էֆեկտ կառաջացնի և հասարակության նորանոր շերտեր կներգրավվեն Հայաստանի փրկության համար պայքարում: Փրկության շարժումը թափ չհավաքելու դեպքում, այսօրվա իշխանությունը ստիպված տարածքային զիջումների է գնալու՝ իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից և բանավոր տրված խոստումներից ելնելով:

    Փրկության շարժումը պետք է լինի ապակուսակցական և նախապես խոստանա, որ իշխանափոխությունից հետո ընտրվելու է միայն ժամանակավոր կառավարություն, որը այս արատավոր համակարգը (այսինքն՝ սահմանադրությունը) պարտադիր ձևով փոխելուց հետո միայն կիրականացնի երկրի ղեկավարի օրինական ընտրություններ:

    Միայն այս դեպքում հուսահատված ու պառակտված հայ հասարակությունը համերաշխության վիճակի կգա և կհավատա, որ գոնե այս անգամ իրեն չեն օգտագործում պարզապես իշխանության հասնելու համար:

  6. Լավատես says:

    Ասենք, էս մեր այլմոլորակայիններն ասում են’ էս երկիրը (Երկրագունդը) երկիր չի ու թռնում գնում են, բա մեր քաղաքական տեղական ոչայլմոլորակային վերնախավը չի՞ մտածում ինքնակազմակերպվել, միասին ստեղծել մասնագիտական բարձր մակարդակի ռեզերվային կառավարություն, որ երբ էս մեր ներկանախկինները մեզ որբ թողնեն ու գնան: Ամեն քաղաքական հասարակական կամ անհատ կազմակերպություն պետք է ներկայացնի իր մասնագետներին, իսկ մասնագետներն իրար մեջ կընտրեն իրենց միջի լավագույնին որպես նախարար ու վարչապետ, այստեղ ե՛ւ Արցախի ու Նախիջեւանի, ե՛ւ Արեւմտյան ե՛ւ Արեւելյան հողերի ներկայացուցիչները իրենց սենատորներին կառաջադրեն: Այսօրվա համաշխարհային տենդենցը’ ստեղծել փոթորիկներ ու հրդեհներ ու ջրհեղեղներ, որ ազատվեն բոլոր անարդյունավետ պետական կառույցներից, դրանց կլուծարեն առանձին մասերի եւ այդ մասերից կսինթեզեն նոր առողջ կառույցներ, իսկ եթե մեր պետական համակարգը կառավարվի ժամանակակից նոր տեխնոլոգիաներով հագեցած մասնագիտական կառավարությամբ, ապա մեզ լուծարելն անիմաստ կլինի: Կարեւորը թագավորը չի, այլ նրա շքախումբն է, թեկուզ ստարտափի տարբերակով ստեղծենք մեր ռեզերվային կամ ստվերային կառավարությունը: Մեր փրկությունը հայ համաշխարհային ստվերային կառավարության մեջ է, որը պետք է իր մակարդակով համապատասխանի Նոր աշխարհակարգի սահմանած նշաձողին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031