Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ, որ երկու կողմերն էլ չմտնեին դավադիր պլանների մեջ». Անդրեա Վիկտորինը՝ ՀՀ-ին եւ Ադրբեջանին աջակցելու, Սյունիքի կարեւորության եւ ՀՀ-ում ցույցերի մասին

Մայիս 10,2022 18:14

«Մենք աջակցում ենք կայուն լուծումներ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցերի վերաբերյալ: Ի՞նչ ենք մենք առաջարկում. մենք առաջարկում ենք՝ աջակցություն եւ դյուրացում այս գործընթացների, որը նշանակում ենք, որ մենք ուզում ենք եւ այդպես էլ անում ենք, սկսած անցած տարվա ամռանից, մենք Հայաստանի կառավարությանն ասել ենք, որ պատրաստ ենք ավելին անել, բայց, ամեն դեպքում, որոշումները կայացվելու են այս երկու երկրների միջեւ, որովհետեւ, ես ուղղակի միջնորդ եմ: Միջնորդությունը չի նշանակում, որ դուք պետք է առաջարկություններ եւ միջնորդություններ նշանակեք, միջնորդությունը նշանակում է, որ դուք ստեղծում եք մի միջավայր, որ տարաձայնության կողմերը գան ընդհանուր լուծումների»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարել է խաղաղության դարաշրջանի մասին, բայց Ադրբեջանից հնչող հայտարարությունները, կարծես, դրան չեն նպաստում:

Դեսպանը հավելեց՝ լավ կլիներ, որ երկու կողմերն էլ չմտնեին դավադիր պլանների մեջ: Նա  ԶԼՄ-ներում հետաքրքիր ուղերձներ է ընթերցում, որոնք, իր գնահատմամբ, կարող են գործընթացի վրա ազդել, մինչդեռ գործընթացը պետք է լինի թափանցիկ, ինչպես հայտարարել է վարչապետը: Նա հստակեցրեց՝ ԵՄ-ի նպատակն է հասնել խնդրի կայուն լուծման եւ իրենք այս առումով շարունակելու են հանդիպումներն ու ջանքերը, որպեսզի բոլորին հնարավորություն տան ապրել խաղաղության եւ անվտանգության միջավայրում:

2021 թվականին հայտարարվեց, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 2,6 միլիարդի աջակցություն, այդ թվում նաեւ ենթակառուցվածքների զարգացման համար. լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Տիկին դեսպանը հստակեցրեց՝ Եվրոպայի կողմից տրամադրվող դրամաշնորհ է՝ հինգ տարով, նաեւ վարկեր, մնացածը լինելու են մասնավոր ներդրումներ՝ ուղղված այդ ծրագրերի իրականացմանը: Կան հինգ ուղղություններ՝ Սիսիանում եւ Քաջարանում ենթակառուցվածքների զարգացման, դրանք շատ պահանջված ծրագրեր են: Դեսպանը հստակեցրեց՝ պետք է լինեն ծրագրեր, որոնք ենթակա կլինեն ֆինանսավորման:

Նա նաեւ հավելեց, որ Երեւանում «կանաչ ավտոբուսների» վերաբերյալ ծրագիրը արդեն ստորագրվել է եւ հավանական է հոկտեմբեր-նոյեմբերին այդ ավտոբուսները կլինեն Երեւանում: Անդրեա Վիկտորինն ասաց՝ ցանկանում են աջակցել Սյունիքի մարզին՝ տարբեր ոլորտներում, դա պատահական չի արվում. «Ես այդ վայրը շատ եմ սիրում, COAF-ի հետ այնտեղ շատ ծրագրեր ենք իրականացնում: Մենք ուզում ենք հաջողության հասնել, դեռ ժամանակ ունենք այդ ամենը քննարկելու: Լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն  տարբեր երկրների գործընկերների հետ: Կին դեսպանների հետ մի քանի շաբաթ առաջ այցելություն ենք ունեցել դեպի Սյունիքի մարզ, դա շատ կարեւոր էր»: Դեսպանի հավաստմամբ, Սյունիքի կանայք ուժ են ներշնչել. «Նրանք պատրաստ են ինչ-որ բան անել, շատ ավելին անել, քաղհասարակությունը մեծ ներուժ ունի այս հարցերում աջակցելու, կցանկանայինք շատ ավելին տեսնել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են Սյունիքը կարեւորում, դեսպանը պատասխանեց. «Անցած տարի, ԵՄ բոլոր դեսպաններն այցելեցին Սյունիք՝ դիտարկելու համար, ընդհանրապես իրավիճակը եւ մենք չենք կարող այս ամենը քննարկել Ադրբեջանի հետ, բայց մենք կարող են աջակցել ձեզ՝ դյուրացնել իրավիճակը: Մենք կարող ենք, օրինակ, նախագահ Միշելի նամակը… Ալիեւին եւ Փաշինյանին, որտեղ մենք առաջարկում ենք աջակցություն, սա ակարող է լինել փորձագիտական աջակցություն: Քննարկումները շարունակվում են եւ ես համոզված եմ, որ այդ քննարկումները կբերեն արդյունքների»:

Պատասխանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ընդդիմադիրների սկսած ցույցերին եւ անհնազանդության գործողություններին, որոնք ուղղված են այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը կանխելուն վերաբերվող հարցին, Անդրեա Վիկտորինն ասաց, որ ցույցերից, իհարկե, խուսափել չենք կարող, իրենք իրավիճակը դիտարկում են, շատ իրավիճակներ են տեսել, որոնք հարցեր են առաջացնում, ավելին, ինքն էլ է հարցեր բարձրացրել՝ ասելով, որ ոստիկանությունը պետք է ենթարկվի օրենքներին եւ ոստիկանությունը անպատժելի չպետք է լինի: Բայց, մյուս կողմից, ըստ դեսպանի, կան խաղաղ ցույցի մասին տարբեր պատկերացումներ եւ եթե սադրանքներ են լինում, ի՞նչ որոշումներ պետք է կայացվեն այդ ժամանակ: Հայաստանում գտնվելու իր 2,5 տարիների ընթացքում, դեսպան Վիկտորինը միշտ մտածել է, թե ինչպե՞ս պետք է վարվի ԵՄ-ն՝ զուգակցելու համար ժողովրդավարությունը եւ տնտեսական առաջընթաց ցույց տալու համար Հայաստանի ժողովրդին: Այս մասով, նա համոզված է, ռազմավարություն է պետք եւ այդ հարցերի պատասխանները պետք է գտնվեն ՀՀ քաղաքացիների արձագանքներում:

Դեսպան Վիկտորինն ասաց, որ իրենք գնահատում են ապրիլի 30-ին վարչապետ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը:

«Մենք պատրաստ ենք քրտնաջան աշխատել ԵՄ պատվիրակության եւ Հայաստանի կառավարության հետ՝ ամրապնդելու այս համագործակցությունը»,- իր խոսքում ասաց ասուլիսին ներկա Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն՝ հավելելով, որ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարության բոլոր ճիգերին, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը՝ այս ամենաբարդ ժամանակաշրջանում, երբ Ուկրաինայում պատերազմ է գնում:

Ֆրանսիան վեց ամսով՝ մինչեւ հունիս ամիս, ստանձնել է ԵԽ-ում նախագահությանը. դեսպանը հավաստիացրեց, այդ ընթացքում ջանալու են պահպանել ԵՄ ինքնավարությունը, այդ թվում նաեւ քաղաքական ոլորտում եւ աջակցել Եվրոպայի՝ աշխարհագրական առումով, հեռու եւ մոտ գործընկերներին: Ըստ Անն Լույոի, Եվրոպան յուրօրինակ բաց տարածք է եւ իրենք ցանկանում են իրենց արժեքներն ու հավակնությունները կիսել գործընկերների հետ, իրենք նաեւ գիտակցում են առկա մարտահրավերները եւ դրանց լուծումների որոնման ճանապարհներ են փնտրում:

Տիկին դեսպանը նույնպես կարեւորեց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակներում, իր գնահատմամբ, երկխոսության եւ համագործակցության բարձր մակարդակ կա: Նա բոլորին ցանկացավ երջանիկ եւ խաղաղ Եվրոպա: Նա նույնպես ընդգծեց, որ իրենք՝ իբրեւ միջնորդներ, աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ առաջարկություններ անել չեն կարող, բովանդակության մեջ չեն խորանում, տարաձայնությունները պետք է հարթվեն կողմերի միջեւ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031