Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. « Ունենք լրագրողի իշխանություն, որը թիրախավորում է լրագրողներին, ինչն ակնհայտ է»

Մայիս 10,2022 17:55

Վերջին շրջանում չորրորդ իշխանությունը սկսել է ավելի շատ թիրախավորվել, ինչը առիթ է դարձել, որպեսզի  իրավապաշտպանները եւ լրագրողական կազմակերպությունները ավելի հաճախ անդրադառնան խնդրին:

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առիթով անգամ առանձին քննարկում կազմակերպվեց ՀՀ ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի, ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի մասնակցությամբ, որի ժամանակ բոլոր բանախոսներն անընդունելի համարեցին ոստիկանության անհամաչափ գործողությունները:

Aravot.am-ը թեմայի շուրջ ավելի առարկայական զրուցել է Թագուհի Թովմասյանի հետ:

Տիկին Թովմասյան, ավելի հանգամանալից կներկայացնե՞ք լրագրողների մասնագիտական գործունեությունը սահմանափակելու դեպքերը:

-Այսօր առավել, քան՝ երբեւէ, թիրախավորվում են լրագրողները եւ լրատվամիջոցները: «Առավել, քան՝ երբեւէ» ասում եմ, որովհետեւ ունենք լրագրողի իշխանություն, որը թիրախավորում է լրագրողներին, ինչն ակնհայտ է: Փողոցի հանրահավաքային պայքարի առաջին իսկ վայրկյանից մենք նկատում ենք, որ լրագրողները եւ լրատվամիջոցները ոստիկանության եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության հիմնական թիրախում են: Վառ օրինակը Սարգիս Հովհաննիսյանն է, որը ուղիղ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն է եւ որը գազանաբար հարձակվեց լրագրողի եւ օպերատորի վրա: Ու մինչ այս պահը չկա քրեական պատասխանատվություն: Իհարկե, որոշ գործընթացներ շարունակվում են քննչական կոմիտեում, բայց ես տեղյակ եմ, որ դեռ հարուցված քրեական գործ չկա, ինչը խիստ մտահոգիչ է: Մենք այն օպերատիվությունը չենք նկատում, երբ օրինակ, Սոս Ջանիբեկյանի նկատմամբ հարձակման փորձ է տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցներից մեկի կամ մի քանիսի կողմից, ինչը, բնականաբար եւս մերժելի է, բայց ամեն դեպքում հարձակման փորձը անմիջապես ենթարկվում է քրեական պատասխանատվության եւ հարուցվում է քրեական գործ, իսկ կոնկրետ հարձակումը եւ ֆիզիկական բռնությունը, ըստ էության, չի արժանանում այդպիսի գնահատականի:

Մի շարք այլ դեպքեր, այդ թվում եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողի հետ տեղի ունեցածը ակնհայտ են դարձնում այն իրողությունը, ինչի մասին ես խոսեցի. լրագրողի իշխանությունը թիրախավորում է լրագրողներին:

Ոստիկանի հարվածելը լրագրողի ֆոտոխցիկին բռնությո՞ւն է համարվում:

-Դա համարվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտել, ինչը քրեական օրենսգրքով եւ մամուլի մասին օրենքով պաշտպանված հոդվածներ են եւ նախատեսված քրեական արարք, ինչը ենթակա է անհապաղ քրեական հետապնդման:

-Լրագրողների աշխատանքի սահմանափակում կա  նաեւ Ազգային ժողովում, որտեղ արգելված է նրանց մուտքը տարբեր միջանցքներ, ազատ շփվել պատգամավորների հետ, հարցազրույցներ վերցնել: Անգամ ԱԺ նախագահի որոշումով աթոռներն էին հավաքվել լրատվամիջոցներին հատկացված տարածքից:

– Աթոռները հետ բերվեցին, բայց դա շատ փոքր միջադեպ է՝ համեմատած այն իրողության հետ, որ Ալեն Սիմոնյանի որոշման արդյունքում լրագրողները չեն կարողանում ազատ տեղաշարժ ունենալ այն օրերին, երբ ԱԺ-ում նիստեր են: Ընդ որում, այդ սահմանափակումը վերաբերում է միայն իշխանության հատվածին: Այսինքն, բոլոր այն հատվածներում, որտեղ ընդդիմադիր պատգամավորների աշխատասենյակներն են,  ազատ ելումուտ կա, եւ լրագրողները  կարողանում են ընդդիմադիր  պատգամավորներին մոտենալ: Իսկ իշխանության խմբակցության անդամներն «անձեռնմխելի են», եւ հենց խմբակցության սենյակը հնարավոր չէ մուտք գործել: Դա խիստ ընդգծված որոշում է եւ վերաբերմունք: Դա ես դիտարկում եմ լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքի խոչընդոտում, որովհետեւ իրավունքի ուժով մշտապես լրագրողները ԱԺ-ում ազատ տեղաշարժ են ունեցել, ազատ կարողացել են իրենց գործունեությունը ծավալել: Իսկ հիմա ստացվում է, որ ընտրովի կարող են պատգամավորներին մոտենալ, ինչը խիստ մտահոգիչ է:

Ես դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ, քանի անգամ իմ դժգոհությունն արտահայտել, նաեւ դիմել եմ ԱԺ նախագահին, բայց ցավոք սրտի, իրավիճակը չշտկվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031