Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիմաստ լարվածություն եք ստեղծում». միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին

Մայիս 10,2022 17:43

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, Արմեն Գևորգյանին ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու թույլտվության, ինչպես նաև նախնական քննության ընթացքում քննիչ Մուշեղյանի կողմից հավաքված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդություններ;

Սակայն մեղադրող դատախազներն առաջարկեցին նիստը շարունակել, ուսումնասիրել ապացույցներն, այնուհետև քննարկել միջնորդությունները:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս առիթով ասաց. «Եթե կա ապացույցի թուլատրելիության հետ կապված խնդիր, դա նշանակում է, որ այն՝ որպես ֆիզիկական մի բան գոյություն ունի, բայց իրավական առումով չկա, ուստի մենք առարկում ենք դատարանի գործողությունների դեմ»:

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հինգ րոպե ընդմիջում խնդրեց: Մեղադրող դատախազներն ասացին, որ այսպիսով պաշտպանները խոչընդոտում են ապացույցների հետազոտմանը: Լուսինե Սահակյանը պնդեց՝ խափանման միջոցի հարցերը չեն կարող չքննարկվել անհապաղ, ինչպես նաև ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիության պայմանները: Լուսինե Սահակյանը վրդովվեց, թե ինչու են դատախազներն առաջ անցնում, չէ՞ որ գոյություն ունի միջազգային պարտավորություն, Սահմանադրություն: Նաև ասաց, որ ընդմիջում չտրամադրելով՝ իր ու իր պաշտպանյալի իրավունքներն են խախտվում: Դատարանը հորդորեց տեղում խորհրդակցել: Լուսինե Սահակյանն ասաց՝ իր պաշտպանյալի հետ դուրս է գալիս: Աննա Դանիբեկյանն էլ ասաց՝ եթե դուրս գան, նիստը կհետաձգի ու միջնորդությունը չի քննարկի: Սա Լուսինե Սահակյանը բնութագրեց որպես շանտաժ:

Հայկ Ալումյանն էլ հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա հինգ րոպե ընդմիջում տալու մեջ, թե՞ դատախազներն են վետո դրել: Ի վերջո` պաշտպանները դահլիճը լքեցին: Միջամտեց Ռոբերտ Քոչարյանն ու, դիմելով դատավորին, ասաց. «Անիմաստ լարվածություն եք ստեղծում»: Աննա Դանիբեկյանը պատասխանեց՝ դուք ու ձեր պաշտպաններն եք ստեղծում: Ռոբերտ Քոչարյանն էլ հարցրեց՝ էդ հինգ րոպեն որոշի՞չ էր, ես չեմ հասկանում: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց. «Պաշտպանական կողմի գործողություններն ուղղված էին հիմք ստեղծելուն՝ դատական նիստերի դահլիճից հեռանալու համար: Բոլոր գործողությունները ունեին նպատակ, որ բացառեին, որ ապացույցները հետազոտվեն»:

Արմեն  Գևորգյանը պնդեց, որ չքննարկելով իր՝ Հայաստանից բացակայելու թույլտվության միջնորդությունը, խախտվում են իր իրավունքները: Աննա Դանիբեկյանն ի պատասխան ասաց՝ այդ հարցերը կքննարկվեն, երբ անցնեն իր միջնորդությանը:

Երբ դատախազների ներկայացմամբ պատրաստվում էր ապացույցներ հետազոտել, Հայկ Ալումյանը վերադարձավ դատական նիստերի դահլիճ ու միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել, եթե պետք է հետազոտվի այդ ապացույցը:

Դատավորը հայտարարեց, որ միջնորդության հետ կապված որոշումը կկայացնի դռնփակ:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031