Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ռեկտորատի աշխատակազմը վաղ առավոտյան հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում՝ համալսարանի տարածքում գտնվող, Հայրենական մեծ պատերազմում զոհված համալսարանականներին նվիրված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին պատերազմում հերոսաբար նահատակվածների հիշատակին։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին աննկարագրելի մեծ էր համալսարանի դերակատարումը զորահավաքային, աշխարհազորային, կամավորական ջոկատների ստեղծման գործում:
Պատերազմի առաջին օրերից սկսած՝ ԵՊՀ-ն զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ Պատերազմի միայն առաջին տարում ռազմաճակատ մեկնեց 360 համալսարանական (դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, տարբեր աշխատակիցներ) զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը, այդ թվում` Անուշավան Արզումանյանը, Գևորգ Ջահուկյանը, Գևորգ Ղարիբջանյանը, Վաչե Նալբանդյանը, Աշոտ Ասլանյանը, Հովհաննես Բարսեղյանը, Սիրաք Գյուլբուդաղյանը, Պետրոս Բեզիրգանյանը, Պերճ Բոշնաղյանը, Սերոբ Պողոսյանը, Գևորգ Բաբաջանյանը, Բենիկ Թումանյանը, Կորյուն Շահբազյանը, Վաչագան Սաղաթելյանը և շատ ուրիշներ:
Համալսարանականներն ակտիվ մասնակցություն ունեցան ինչպես հայկական ազգային դիվիզիաների կազմում, այնպես էլ թիկունքային աշխատանքներում: Նրանցից 300-ը հերոսաբար զոհվեց, մի մասն էլ տուն վերադարձավ վիրավոր և հաշմանդամ։
Պատերազմական տարիներին համալսարանի առջև ծառացան հրատապ նոր խնդիրներ, վերանայվեցին ուսումնական ծրագրերը, ներդրվեցին ռազմական պատրաստման դասընթացներ։ Կազմակերպվեցին նաև ուսանողուհիների բուժքույրական դասընթացներ, որտեղ սովորեցնում էին առաջին բուժօգնության ձևերն ու մեթոդները, իսկ գործնական պարապունքներն անցկացվում էին հոսպիտալում: Այս դասընթացների առաջին շրջանավարտների մի մասը ծառայության մեկնեց հանրապետության հիվանդանոցներ և հոսպիտալներ, իսկ մյուսները` տարբեր ռազմաճակատներ:
Կարդացեք նաև
ԵՊՀ