ՀՀ Սիսիան քաղաքում կայացած Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը 4-1 հաշվով հաղթելով «Գանձասար-2»-ին նվաճել է ՀՀ չեմպիոնի տիտղոսը։
Մայիսի 9-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվ․ հանրապետական մարզադաշտում մարզիկներին դիմավորելու էին եկել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ֆուտբոլասերներ։
«Ունեցել ենք 26 հանդիպում, որից 22-ը ավարտվել է «Լեռնային Արցախի» հաղթանակով։ 69 միավորով առաջ անցնելով մասնակից թիմերից՝ մեր թիմը առաջին լիգայի չեմպիոն դարձավ ժամանակից շուտ։ Առաջնությանը պատրաստվում ենք ամառվանից։ Հրավիրել ենք փորձառու խաղացողների, մասնակցել մարզական հավաքների, խաղացել բարձրագույն թիմերի հետ։ Արդյունքում, այսօր հաղթանակ ենք տոնում»,- ասում է թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ադամյանը։
Թիմի դարպասապահ Սերգեյ Ասրյանը վստահեցնում է, որ ֆուտբոլում պատահական հաջողություններ չեն լինում․ «Մեզ հաջողվեց հաղթանակ գրանցել միասնական ու քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Ամեն տարի մեկ քայլ առաջ գնալով՝ մենք ունեցանք թիմ, որը այսօր կարողացավ նման հաղթանակ գրանցել»։
Կարդացեք նաև
ՀՀ Առաջին խմբի առաջնության հաղթանակը մեր թիմին հնարավորություն կտա մասնակցելու Հայաստանի պրեմիեր լիգային։
Երգ ու պարով չեմպիոններին դիմավորելու էին եկել Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Արցախի բալիկներ» համույթի սաները։
ԱՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին