Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Աղասի Միքայելյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զանգել է իրենց դպրոցի տնօրենին, ուղարկել իր գրառման «սքրինշոթը» եւ ասել, որ ուսուցչին հարիր չէ, որ նման բառամթերք օգտագործի կառավարության հասցեին։
«Նախարարը ճիշտ է ասում։ Չի կարելի օգտագործել էն լեքսիկոնը, որ ես եմ օգտագործում։ Քանզի իրենց իշխանության գերագույն գլխավոր պաշտամունքային իկոնայի նման պետք է ասել «կբռնենք ու կհագցնենք»։ Ի դեպ, ես իմ արժեքն ու կշիռը՝ որպես ուսուցիչ, լավ գիտեմ։ Էդ բարձրագույն կոչմանը, սաներիս հարգանքին ու սիրուն, ի տարբերություն ձեր թիմի մեծամասնության` հասել եմ ոչ թե Նիկոլի շնորհիվ, այլ սեփական մասնագիտական ու մարդկային որակների հաշվին։ Ձեզ քիչ է մնացել։ Դուք հատակում եք, բայց ամեն անգամ տակից էլի դուռը ծեծող է հայտնվում»,-գրել էր Աղասի Միքայելյանը։
Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Միքայելյանն ասաց, որ չի ցանկանում ԶԼՄ-ներին թեմայի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել:
Իսկ ԿԳՄՍ նախարարությունից Aravot.am-ին փոխանցեցին հետեւյալը. «ԿԳՄՍ նախարարությունը սոցիալական հարթակներում արված գրառումները չի մեկնաբանում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղասի Միքայելյանի լուսանկարը` ֆեյսբուքի էջից