Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյան. «Կրթության կազմակերպման գործընթացում տեխնոլոգիաների ներդրումը թռիչքային զարգացում է ապրել»

Մայիս 10,2022 16:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել «VR գործիքների փորձարկում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» աշխատաժողովին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են VR գործիքների կիրառության կարևորությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև կարիերայի ուղղորդման ու մասնագիտական կողմնորոշման համար ժամանակակից տեխնոլոգիաների նշանակությունը և առավելությունները:

Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ ) ծրագրի շրջանակում:

Աշխատաժողովին մասնակցել են ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի ղեկավար Աննե-Վալերի Պետերսը, ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը, ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, միջազգային և տեղական գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ կրթության ոլորտում նոր սերնդի տեղեկատվական գործիքների կիրառումը գնալով ավելի գերակշռող է դառնում:

«Համավարակը ստիպեց մեզ վերջին երկու տարիներին կրթության կազմակերպման գործընթացում տեխնոլոգիաների ներդրման թռիչքային զարգացում ապրել: Դրանք պարտադրված քայլեր էին, որոնց գնացինք կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերը միաժամանակ բացահայտեցին նոր ճանապարհներ և հնարավորություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են տեխնոլոգիաներն օգտագործվել կրթության և ուսուցման գործընթացում: Վիրտուալ իրականության գործիքներն անփոխարինելի են հատկապես ՄԿՈՒ ոլորտում, որտեղ էական նշանակություն ունեն սովորողների գործնական հմտությունների և կարողությունների զարգացումը:

Կարծում եմ, որ վիրտուալ իրականության գործիքների կիրառմամբ էապես փոխվելու են նաև հաստատությունների հագեցվածության և ենթակառուցվածքների բազայի վերաբերյալ մեր պատկերացումները: Այդ գործիքները մեզ թույլ կտան ֆիզիկական ենթակառուցվածքների պատկերացումներից անցում կատարել դեպի վիրտուալ ենթակառուցվածքներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` կարևոր է, որ նոր գործիքը փորձարկվում է զբոսաշրջության ոլորտի մասնագիտությունների համար` հաշվի առնելով, որ այդ ճյուղը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է: Նախարարի տեղակալը փաստել է նաև, որ համավարակի ժամանակ բազմաթիվ մշակութային հաստատություններ ստեղծարար մոտեցում ցուցաբերեցին` վիրտուալ գործիքների շնորհիվ նորովի ներկայանալով այցելուին, որը վիրտուալ զբոսաշրջության իրագործում էր:

«GIZ-ն արդեն երկար տարիներ աշխատում է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝ փորձարկելով տարբեր ծրագրեր: Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանի քոլեջներում և ուսումնարաններում պիլոտավորվում է դուալ կրթական համակարգը, որի նպատակն է Հայաստանի տնտեսության և կրթության համար մեծ նշանակություն ունեցող ոլորտներում ներդնել նորարարական լուծումներ:

Համավարակը մեծ ազդեցություն ունեցավ կրթության և տնտեսության թվայնացման տեմպերի աճի վրա: Այդ հիմնախնդրով պայմանավորված` մենք փորձեցինք այն, ինչ ծրագրված էր իրականացնել տարիների ընթացքում՝ կարճ ժամանակում ներդնելով թվային լուծումներ կրթության մեջ:

Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը՝ որոշեցինք կիրառել վիրտուալ իրականության տեխնոլոգիաները կրթության ոլորտում, որը կօգնի ավելի լավ հասկանալ այդ տեխնոլոգիաների ներուժը ոչ միայն մասնագիտական կողմնորոշման, այլև հետագա ուսումնառության ընթացքում»,- ընդգծել է ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:

Միջոցառման ընթացքում հյուրերի կողմից փորձարկվել է Oculus Quest գործիքը, որի միջոցով ներկաները դիտել են 3D մոդելավորմամբ պատրաստված մասնագիտական կողմնորոշման հոլովակը` հյուրանոցային սպասարկման գործի մասին:

Ամփոփելով փորձարկման արդյունքները` ՄՀԶ ՄԿՈՒ ծրագրի ավագ փորձագետ Յուլիա Ստակյանը նշել է, որ միջոցառման վայրի` «Ալեքսանդր» հյուրանոցի ընտրությունը պատահական չէ:

«Այս հյուրանոցում է նկարահանվել մասնագիտական կողմնորոշմանն ուղղված 360 աստիճան VR տեսահոլովակը, որտեղ ներկայացվում են հյուրանոցում տեղի ունեցող իրավիճակային սցենարներ, ինչն ավելի բարդ կլիներ բացատրել կամ պատկերել նկարների, բառերի կամ նույնիսկ սովորական տեսանյութերի միջոցով»,- նշել է Յուլիա Ստակյանը` հույս հայտնելով, որ հոլովակը կօգնի ապագա ուսանողներին՝ պատկերացնելու հյուրանոցային աշխատանքը և, ըստ այդմ, նաև կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Հիշեցնենք, որ դուալ կրթությունը Հայաստանում 2017 թ.-ից փորձարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի համագործակցության շրջանակում:

Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈՒ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով նրանց մրցունակությունն աշխատաշուկայում: Դուալ համակարգի հիմքում դրված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգը:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը (ՄՀԶ ՄԿՈՒ) իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության պատվիրակմամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031